Ֆինանսների նախարարության մոտ մարտի 7-ին «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն այնպես էին քաշքշել ակցիայի մասնակիցներին, որ պատառոտել էին նրանցից շատերի հագուստը։

NEWS.am-ի թղթակցին «Դեմ եմ» նախաձեռնության Հարություն Աղլամազյանը ցույց տվեց իր բաճկոնը, որն այլեւս օգտագործման ենթակա չէր։ Նրա խոսքով՝ ոստիկաններն իր վերարկուն պատռել են, երբ սկսել են քաշքշել իրենց Նալբանդյան փողոցը բացելու նպատակով։

«Երբ որ մեր արդարացի պահանջը ներկայացրեցինք, որպեսզի ֆիննախարար Դավիթ Սարգսյանը իջնի, պատասխանի մեր հարցերին, դե որ ինքը չիջավ եւ չպատասխանեց մեր հարցերին, այդ պատճառով մենք գնացինք քաղաքացիական անհնազանդության եւ Նալբանդյան փողոցը փակեցինք»,- NEWS.am-ին պատմեց Հարություն Աղլամազյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակիցների, որոնց կարճ ժամանակ անց ազատ են արձակել։