Ամեն տարի Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, ավանդական հեծանվարշավով նշող «Հեծանիվ +» ՀԿ-ն այս տարի նոր մտահղացում իրականացրեց՝ Ազատության հրապարակում ցուցադրելով հայկական ավանդական հարսանիք։

«Այս տարի մի նորամուծություն ենք մտցրել, կազմակերպել ենք հարսանիք: Ունենք հարս, փեսա, քավոր, քավորկին։ Մի կողմից սրանով ցույց ենք տալիս, թե ինչպիսին է ավանդական հայկական հարսանիքը, մյուս կողմից սա զույգեր կազմելու եւ բազմանալու կոչ է հայ հեծանվորդներին »,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:

Ավանդական էին հարսի ու փեսայի տարազները, հարսանքավորների հագուստը, ազգային երգերն ու պարերը։ Մեքենաների փոխարեն՝ հեծանիվներ էին, մատանիների փոխարեն՝ հեծանիվի դետալներ։

Սասուն պապին, որն Ազատության հրապարակում պատահաբար էր տեսել հարսանքավորներին, միացավ նրանց, կարմիր խնձոր տվեց հարսին, իսկ փեսային՝ խմիչք, որը խոստացավ նրա հետ խմել հարսանիքի հաջորդ օրը, ապա հումորով նկատեց. «Կարմիր խնձորը տվել եմ, տես, որ կարմիր չեղավ, կմորթես։ Որ կարմիր եղավ, ես էլ հետդ խմում եմ»։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am