«Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ չամուսնանալը», «Ամոթ չէ ուշ տուն գալը» կոչերով այսօր՝ մարտի 8-ին, Ավ. Իսահակյանի արձանի մոտից մեկնարկեց հայ ֆեմիստների կազմակերպած «Ամոթ չէ պաշտպանել քո իրավունքները» խորագրով քայլերթ-ֆլեշմոբը:

«Մենք ինչպես ամեն տարի, այս տարի էլ իրականացնում ենք քայլերթ՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Պայքարում ենք հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի դեմ, որոնք  նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանը: Եթե մենք համարում ենք, որ ամոթ է խոսել բռնության մասին, ամոթ է աշխատել, ամոթ է աղջիկ երեխա ունենալ, դրանով նպաստում ենք կանանց նկատմամբ բռնության տարածմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնության անդամ  Էլվիրա Մելիքսեթյանը:

Ֆեմինիստները քաղաքում շրջում էին թմբուկներով եւ քաղաքացիներին բաժանում գունավոր թերթիկներ, որոնց վրա գրված էր՝ «Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ չամուսնանալը», «Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը»։

Կանանց ոգեւորելու համար ֆեմինիստներն իրենց հետ բերել էին հայտնի եւ հաջողակ կանանց նկարներ։