Ոստիկանությունից հաղորդում են, որ բացահայտել ու բերման են ենթարկել Հայաստանի տարբեր շրջաններում բնակարանային մի շարք գողություններ կատարողներին։ Վլադիմիր Գավրուշենկոյի, Գոռ Հակոբյանի եւ Մարտին Շահինյանի հետքի վրա ոստիկանները դուրս են եկել մատնահետքերի միջոցով։  Պարզվել է, որ հունվարին Մեծամորում երեք բնակարանային գողության համար կասկածվողի մատնահետքերը նույնական են գողության համար նախկինում դատապարտված Վլադիմիր Գավրուշենկոյի մատնահետքերի հետ:

Բոլոր դեպքերում ձեռագիրը եղել է նույնը. կասկածյալը գողությունը կատարել է զգույշ, դուռ եւ պատուհան չի վնասել, բնակարաններ է մտել հարմարեցված բանալիներով:

Վլադիմիր Գավրուշենկոն, սակայն, Ոստիկանությունում չի ընդունել իր մեղավորությունը. «Ես ոչ մի բնակարան չեմ մտել, բացարձակ ոչ մի գողությունից խաբար չեմ ես»:

Ոստիկանությունը հաղորդում է, որ Գավրուշենկոն ՀՀ տարբեր շրջաններից գողություններ է կատարել Երեւանի բնակիչներ Գոռ Հակոբյանի եւ Մարտին Շահինյանի հետ:

Վլադիմիր Գավրուշենկոյի հայրը՝ Արսեն Գավրուշենկոն էլ  քրեակատարողական հիմնարկում է, դատապարտվել է բազմադրվագ գողություններ կատարելու մեղադրանքով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական  գործ, ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում