Վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը. Մեղրիում հիվանդությունները շատացել են, հաղորդում է «ԷկոԼուր»-ը: 

«Այսօր շատ դժվար է իրական ցուցանիշ տալ Մեղրիում հիվանդությունների տոկոսի վերաբերյալ: Վիճակագրական տվյալներով այդ ցուցանիշը Մեղրիում շատ ցածր է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ցուցանիշը իրական չէ: Հիվանդացության մակարդակը մեզ մոտ բարձր է»,- ասել է «Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի անդամ, բժշկուհի Նվարդ Խաչատրյանը: Իրական ցուցանիշ չունենալու պատճառն այն է, որ Մեղրիի բնակիչներից շատերը հետազոտվում եւ բուժվում են ոչ թե Մեղրիում, այլ Երեւանում, որտեղ նրանք չեն կանգնում հաշվառման: 

Ըստ Նվարդ Խաչատրյանի` շատ մտահոգիչ են այն գանգատները, որոնք ունեն մինչեւ 30 տարեկան երիտասարդները: «Հիվանդները նշում են, որ իրենք Երեւանում  իրենց վատ չեն զգում, իրենք վատանում են Մեղրիի տարածքում: Մենք բնակչության շրջանում հարցում անցկացրեցինք հասկանալու՝ կողմ են մարդիկ հանքարդյունաբերությանը, թե դեմ: Տուն առ տուն մտել ենք եւ հարցրել... շատ քչերն էին կողմ…»,- ասել է Նվարդ Խաչատրյանը:

 «Մեղրիում հիվանդությունները շատացել են… բոլորը հանքեր են շահագործում` Ագարակի կոմբինատը, ոսկու գործարանը, Տաշտունի հանքավայրը, այդ բոլորը թույն է, չէ՞... ժողովուրդը վիճակ չունի, ղեկավարությունը շատ լավ գիտի, բայց ժողովրդի մասին մտածող չկա»,- բողոքում են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները: Բնակիչների կարծիքով` իրենց տարածաշրջանում շահագործվող հանքավայրերի թունավոր արտանետումներից եւ թափոններից ոչ միայն ոչնչանում է Մեղրիի բնությունը, այլեւ ավելանում են հիվանդությունները, այդ թվում ` թոքերի հիվանդություններ, սրտի անբավարարվածություն, ճնշման տատանումներ: Խնդիրը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակչության շրջանում:

Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի ավագանին 2013թ. ուղերձով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով հանքարդյունաբերության հետեւանքով տարածաշրջանում առաջացած խնդիրներին: Մեղրեցիներն առավելապես մտահոգված էին Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերին տրված արտոնագրերով: Նրանք նշում էին, որ  այդ հանքավայրերի շահագործման դեպքում Մեղրիում էլ ավելի կսրվեն հիվանդությունները, անկում կապրի հողի բերրիությունը, կաղտոտվի եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնա Մեղրի գետը: