Ազատամարտիկներին վիրավորվում է այն, որ այսօր իրենց սոցիալական խնդիրները բարձրացնելու համար անվանում են «նվնվացող», իսկ ամեն պատահածի գրանցում որպես պատերազմի մասնակից։ Այս մասին ազատամարտիկներն ասացին մարտի 11-ին Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել էին խարդախության կասկածանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով։
«Էսօր լֆիկ Սամոյին էլ են սարքում ազատամարտիկ, ազգային հերոս»,- ասացին ազատամարտիկները։
Ազատամարտիկ Գեւորգ Սարգսյանի (Ջոն) խոսքով՝ նախագահը, որը վերջերս ԵԿՄ համագումարում բողոքող ազատամարտիկներին «նվնվացող» էր անվանել, ինքն է մարդկանց հասցրել այն վիճակի, որ նրանք կարիքից դրդված ոտքի կանգնեն. «Բայց հո մենք շան թուլա չենք, որ նվնվանք: Էնքան են թողել, որ սոցիալական խնդիրները ուռեն, որ էս մարդկանց սարքել են նվնվացող, ճվճվացող ու եսիմինչ: Նվնվացողը վերջում ա նվնվալու»։
Նրա խոսքով՝ իրենք նվնվացող չեն, եւ իրենց պահանջածը միայն արդարություն է։
«Էն վախտ ասում էինք ազատություն, անկախություն, արդարություն, հիմա դա չկա, հիմա կա սրիկայություն, խուլիգանություն, դավաճանություն... Էսօր գեներալների թիկնապահները սաղ կիլլերներ են, մի տելախրանիտելը ամբողջ մարզից շատ մեդալ ունի: Ով որ պատերազմին չի մասնակցել գրանցել են, վրոդի պատերազմի մասնակից»,- ասաց ազատամարտիկը։











