ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնի դերասան Զաք Գալիֆիանաքիսի հումորային Between Two Ferns (Երկու  ձարխոտերի միջեւ) հեռուստաշոուի հյուրն է դարձել: 

Գալիֆիանաքիսն իր հյուրերին որպես կանոն անհարմար եւ սադրիչ հարցեր է ուղղում: ԱՄՆ-ի նախագահը բացառություն չի կազմել:

Ինչեւէ, Օբաման Գալիֆիանաքիսի համար հեշտ զրուցակից չի եղել, քանի որ հումորների մեծ մասի հեղինակն այս անգամ հենց հյուրն է եղել, ոչ թե հաղորդավարը:

«Պետք է ասեմ,  երբ լսեցի, որ մարդիկ իսկապես դիտում են այս շոուն, ապա խիստ զարմացած էի», - սկսել է Օբաման:

Գալիֆիանաքիսն էլ հետաքրքրվել է, թե «ինչպե՞ս է ԱՄՆ-ի վերջին սեւամորթ նախագահ լինելը» եւ «արդյոք հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը Հյուսիսային Կորեայի դեսպանն է»:

Օբաման հմտորեն հակադարձել է Գալիֆիանաքիսի մեկնաբանություններին այն մասին, որ շուտով  ավարտվելու է իր երկրորդ ժամկետը, որից հետո  ստիպված է լինելու վայր դնել նախագահի լիազորությունները:

«Եթե ես մնայի երրորդ ժամկետում, ապա դա այնքան վատ կլիներ, որքան «Տղամարդկանց հավաքույթ Վեգասում-3»-ը, այնպե՞ս չէ» - իր զրուցակցին է դիմել Օբաման, որն այդ ֆիլմում խաղում է գլխավոր դերերից մեկը: 

Կատակների ընդմիջումներին  Օբաման ամերիկացիներին կոչ է արել միանալ Obamacare-ին՝ ԱՄՆ-ում առողջապահական նոր ծրագրին: