Գյումրիում ավելի քան 4000 անօթեւան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւան ընտանիքների հերթացուցակում, թեւ նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատեւում է բնակարանային եւ սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքները հերթացուցակներից դուրս են մնացել տարաբնույթ, երբեմն՝ անհեթեթ եւ անհասկանալի պատճառաբանություններով: Կան տասնյակ ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը եւ հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Ներկայացվող տեսանյութը հաշմանդամություն ունեցող տարեց մոր եւ որդու՝ փոքրիկ տնակում, միայն հաշմանդամության թոշակով գոյատեւող ընտանիքի մասին է:
Երկրաշարժին վթարված նրանց բազմահարկը թեեւ աղետից հետո ամրացվել եւ բաշխվել է նախկին բնակիչներին, սակայն այս ընտանիքին պատկանող բնակարանը տրամադրվել է մեկ ուրիշ ընտանիքի:











