Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողներն այսօր՝ մարտի 12-ին, իրենց բուհ այցելած «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ընդունեցին առանց մեծ ոգեւորության, թեեւ հենց նրանց նախաձեռնությամբ էին բուհ գնացել քաղաքացիական ակտիվիստները։

Մեծ դասամիջոցին համալսարանի բակում հավաքված ուսանողները լսեցին իրենց իրավունքներին տեր կանգնելու մասին՝ նախաձեռնության  անդամների կոչերը, սակայն որեւէ կերպ չարձագանքեցին։

«Ձեր ռեկտորն ավելի հետաքրքրված է, քան դուք»,- նկատեցին նախաձեռնության անդամները։

Նշենք, որ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նույնպես ներկա էր հանդիպմանը, նա զրուցեց նախաձեռնության անդամների հետ, ասաց, որ ինքը դեմ չէ օրենքին։

«Ընդամնեը խնդրում եմ՝ փարատեք այն համոզմունքը, որ այս շարժումը երկրի ապագայի նկատմամբ թերահավատություն է նշանակում։ Կենտրոնացեք ձեր արգումենտներում օրենքի կիրառմանը վերաբերող կետերի վրա, այլ ոչ թե օրենքի, որպես գաղափարախոսության վրա։ Օրենքը, որպես այդիպսին, նպատակաուղղված է դեպի ապագան, եւ ձեզ՝ երիտասարդներիդ, ստիպում է տեր կանգնել երկրի ապագային»,- ասաց ռեկտորը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համալսարանում նույնպես պահվել են 5% պարտադիր կուտակային վճարները, սակայն իրենց կողմից ոչ մի ճնշում չի եղել, ոչ ոքի չեն ստիպել ֆոնդ ընտրել։

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը ասաց, որ ուսանողների հետ իրենց հանդիպումը համարում են հաջողված, եւ հետագայում հանդիպումներ են նախատեսում այլ բուհերի ուսանողների հետ: