«Տոնուս» ՍՊԸ-ի գործունեւությունից տուժած քաղաքացիներից մեկը կդիմի ծայրահեղ քայլի՝ նախագահի առանձնատան դիմաց վառելով իր մեքենայի անվադողերը, եթե չլուծվի իրենց խնդիրը։ Այս մասին նա ասաց մարտի 12-ին ՀՀ նախագահի առանձնատան մոտ, որտեղ գնացել էր խաբված մյուս բնակարանատերերի հետ՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելու իրենց խնդիրը։

«Իմ երեխեքի բերանից տասը տարի կոպեկ-կոպեկ կտրել, տվել եմ:  Էս հարցը լուծողը պարոն նախագահն ա: Կհանեմ մեքենայիս անվադողերը, ստեղ կվառեմ, բոլորին կոչ եմ անում էդ ձեւ անել»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը, որը ներկայացավ որպես Արմեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր առավոտյան ժամը 8։30-ից մոտ «Տոնուսի» մոտ 20 խաբված բնակարանատերեր հավաքվել էին նախագահի առանձնատան մոտ, սակայն չկարողացան հանդիպել Սերժ Սարգսյանին, նրանց մոտեցավ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որն առաջարկեց հեռանալ առանձնատան մոտից եւ իր հետ հանդիպել: Բնակիչների մեծ մասը համաձայնեցին, բայց ոմանք բողոքեցին՝ ասելով, որ իրենց «նորից խաբում են»:

«Ֆռցնում են սաղ անընդհատ: Ո՞նց կարող եմ ես այդ մարդուն հավատալ, էսքան ժամանակ ա, խաբում են մեզ»,- բողոքում էր բողոքի ակցիայի մասնակից Արմենը:

Նշենք, որ մոտ 150 բնակիչներ 2006թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» ՍՊԸ-ի հետ, որպեսզի ընկերության կողմից կառուցվող շենքում բնակարաններ ստանան։ Ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ բնակարանները, որոնք ընկերության սեփականատեր, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը գրավադրել էր «Արցախբանկում», դարձել են բանկի սեփականությունը։ Բանկը դրանք նախկին բնակարանատերերին տրամադրելու համար պահանջում է լրացուցիչ գումարներ։