Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին դատարանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Դատավոր Մարտին Սարոյանը դեռ չէր հասցրել ընթերցել վճիռը, երբ Հարություն Սարգսյանի հարազատները սկսել են գոռգոռալ՝ ասելով, թե «Դուք կաշառված եք, Մարտին Սարոյան, ձեզ կաշառել են այնպիսի բաներով, որ մենք շուտով դա էլ կբացահայտենք, դա էլ Ձեր դեմքին կշպրտենք, կասենք՝ ինչքան ստոր եք, 15 տարի չէ, 20 տայիք ձեր կողմից, բայց անմեղ մարդ ա դատվում, Ձեր սրտին դա չի նստելու»։

Դատարանում բազմաթիվ ոստիկաններ կային, դահլիճում էին նաեւ Հարություն Սարգսյանի բարեկամները, սպանված Կարեն Եսայանի ընկերները, ովքեր սկսեցին գոռալ, թե «ճիշտ դատեցին»։ Նիստին ներկա չէր ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով հացադուլ է հայտարարել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այժմ Հարություն Սարգսյանի հարազատները դատարանից չեն հեռանում, սպասում են՝ հույս ունենալով, որ դատավոր Մարտին Սարոյանը կփոխի վճիռը։ «Էսօր Հարությունի մամայի ծնունդն է, հույս ունեինք, որ  դատարանը կարդարացներ Հարությունին, դա լավագույն նվերը կլիներ մոր համար»,- ասացին հարազատները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը

Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը: