Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 12-ին, «Հարսնաքարի» գործով դատական նիստին դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց դատաքննությունը վերսկսելու մասին տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությունը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդել էր, որ դատական քննությունը վերսկսվի և քաղհայց էր ներկայացրել, որով պահանջում էր 6 ամբաստանյալներից և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանից գանձել շուրջ 297 միլիոն դրամ:

Այսօրվա դատական նիստին 6 ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Նրանցից ոչ մեկը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, որը դատական նիստերի ժամանակ խոստովանել էր, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից և ասաց, որ ինքն արդեն ամեն ինչ ասել է:

Ամբաստանյալ  Արման Խաչատրյանն էլ չընդունեց իրեն  առաջադրված մեղադրանքը` ասելով, որ տուժողները ակնհայտ սուտ ցուցմունքներ են տվել դատարանում: Նա նաև անդրադարձավ տուժող կողմի ներկայացրած քաղհայցին` ասելով, որ ունի հաշմանդամ ծնողներ ու 3 տարեկան երեխա, և դեռ տուժող կողմը պետք է փոխհատուցի իրեն:

«Ընդունում եմ, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, բայց ես այդ դժբախտության հետ կապ չունեմ: Դեռ դուք պետք է փոխհատուցեք ինձ, քանի որ երկու տարի է` ազատազրկված եմ, չգիտեմ ինչի համար: Ազատազրկված եմ ձեր սարքած սցենարի, սուտ ցուցմունքների համար: Տուժողները եղել են ավտոկայանատեղիում, լավ տեսել են՝ ամբաստանյալներից ով ում հետ էր վիճաբանում, կամ ընդհանրապես չէր վիճաբանում: Ու տենալով հանդերձ, տվեցին ակնհայտ սուտ ցուցմուքներ, որի համար ոչ մեկ իրանց չասեց ու ոչ մի պատասխանատվության չենթարկեց սուտ ցուցմունք տալու համար, դա էր պատճառը, որ պարոն Եգորյանը այսօր կանգնել ա, փոխհատուցում ա պահանջում ինձանից, արդեն ապացուցված ա համարել, որ ես ինչ որ մեկին վնասվածք եմ պատճառել, ու ինձանից փոխհատուցում ա պահանջում», - ասաց նա:

Տուժող կողմի ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ դատախազ  Արմեն Մարուխյանն ասաց, որ հարկ չկա վերսկսել դատաքննությունը, եւ պետք է առանց քննության թողնել քաղհայցը:

 «Հայցը կարող է անհարկի ձգձել այս գործը, այն կարող է ներկայացվել  քաղաքացիական դատարան»,- ասաց Արմեն Մարուխյանը:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը պատրաստ է պատճառված վնասի մասով փոխհատուցել  միայն տուժող Արտակ Բայադյանին, որին Գարիկ Մարգարյանը ընդունում է, որ վնասվածք է հասցրել:

Դատավորը հեռացավ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 24-ին:

Այսօրվա դատական նիստին ներկա էին նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, «Նախախորհրդարանի» անդամներ Վարդան Հակոբյանը, Գարեգին Չուքասզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատարանի դահլիճում անակնկալ հայտարարություն էր արել՝ խոստովանելով, որ միայն ինքն է անմիջական կոնտակտի մեջ մտել ու հարվածել Վահե Ավետյանին։ Դրանից հետո ինքնախոստովանական ցուցմունքներ տվեցին նաեւ Գարիկ Մարգարյանը եւ Արթուր Բաբլոյանը: