Համացանցում հայտնվել են Մեժիգորյեի նախագահական նստավայրի անվտանգության տեսախցիկների փետրվարի 19-22-ի ձայնագրությունները: Հենց այդտեղ է բնակվել Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Ինչպես հաղորդում է «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմ»-ը, տեսանյութում հստակ երեւում է, որ Մեժիգորյեից արժեքավոր ու անտիկված իրերի դուրս բերումն սկսվել է դեռեւս փետրվարի 19-ին, երբ իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցություններ էին ընթանում արյունահեղությունը կանխելու եւ ճգնաժամից դուրս գալու քաղաքական ուղիներ գտնելու շուրջ՝ առանց Յանուկովիչի անհապաղ հրաժարականի:
Արժեքավոր իրերի ինտենսիվ դուրս բերումն սկսվել է փետրվարի 21-ին՝ ընդդիմության եւ Յանուկովիչի միջեւ համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ: Այդ համաձայնագրով նախատեսվում էր փոխել Սահմանադրությունն ու մինչեւ 2014-ի դեկտեմբեր նախագահական ընտրություններ անցկացնել:
Ֆուրգոնների բեռնում ու արժեքավոր իրերի տեղափոխումը շարունակվել է մինչեւ փետրվարի 22-ի գիշերը ժամը 04.00-ն: Դրանից մի քան ժամ անց հայտնվել էր առաջին տեղեկությունը, որ Մեժիգորյեն լքել են բոլոր բնակիչները: Նստավայրում մնացել էին միայն անվտանգության մի քանի անզեն աշխատակիցներ: Դրանից հետո նստավայրն անցել էր Մայդանի ակտիվիստների վերահսկողության տակ:











