Դոնեցկում ռուսամետ ու ուկրաինամետ ցուցարարների բախումների արդյունքում, վերջին տվյալներով՝ մահացել է երեք մարդ, առնվազն  50-ը վիրավորվել են:

Լենինի հրապարակում կայացած երկու ակցիաներին էլ մասնակցել է 1000-ական մարդ՝ յուրաքանչյուր կողմից:

Հաղորդվում է, որ ռուսամետ ակցիայի մասնակիցները հակառակ կողմի վրա ձվեր, ճայթռուկներ են նետել, արցունքաբեր գազ են կիրառել: Երբ «միասնական Ուկրաինայի» համար հանրահավաքն ավարտվել է, Դոնբասի՝ Ռուսաստանին միանալու կողմնակիցները ճեղքել են ոստիկանների շրջափակումն ու հարձակվել հրապարակը լքող մարդկանց վրա, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին, սակայն շուտով բաց է թողել նրանց, երբ ռուսմաետ ակտիվիստները հարձակվել են ոստիկանական ավտոբուսների վրա՝ կոտրելով դրանց պատուհանները: Տեղեկություններ կան, որ զոհերից մեկը «Սվոբոդա» կուսակցության տեղական բաժանմունքի մամուլի քարտուղար Դմիտրի Չերնյավսկին է եղել:

Ականատեսների վկայությամբ՝ Լենինի հրապարակում ոստիկանների քանակը բավարար չի եղել ու հարձակում գործողների նկատմամբ ակտիվ գործողություններ չեն կիրառվել: