Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող յոթ գյուղերի մոտ 100 բնակիչներ այսօր՝ մարտի 14-ին, ժամը 10:00-ից հավաքվել են Օհանավան գյուղում՝ հանդիպելու փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ (ֆոտոռեպորտաժ):

Բնակիչների խոսքով՝ իրենց խոստացել են, որ փոխվարչապետն անձամբ գալու է եւ ծանոթանա իրենց խնդրին:

«Չգիտենք, թե որ ժամին է գալու։ Դրա համար ենք առավոտից հավաքվել: Եթե հիմա էս պրոբլեմը չլուծվի, այգիներն անապատ կդառնան: Առաջարկում ենք, որ ներդրում անեն ու ջրի բաց համակարգի փոխարեն փակ համակարգ կառուցեն, որը ջրով կապահովի յոթ գյուղերին էլ, դրանից հետո ինչքան ՀԷԿ ուզում են, թող կառուցեն, մեզ ոչ մի վնաս չլինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օհանավան գյուղի բնակիչ Սերգեյ Ալեքսանյանը։

Կարբի գյուղի բնակիչ Միշա Ավետիսյանն էլ իր հերթին հույսը կապում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Մենք ուզում ենք, որ մեր նախագահը մեզ լսի, մենք 98 տոկոս ձայն ենք տվել իրան, բայց ինքը մեզ չի լսում, գյուղացուն մարդու տեղ չի դնում: Մենք հույս ունենք, որ մեր նախագահը կընդառաջի մեզ, մեզ չի աքսորի գյուղից: Զարմանում եմ՝ խի ա մեզ թողել, ՀԷԿ կառուցողին պաշտպանում»:

Գյուղացիներն այս պահին սպասում են Արմեն Գեւորգյանին եւ ասում են, որ եթե իրենց հարցը լուծում չստանա, կգան Երեւան:

«Եթե մեր հարցը չլուծեն, մենք մեր կանանցով եւ երեխաներով կգանք, ճանապարհը կփակենք, կամ կհավաքվենք Հայաստանի կառավարության մոտ»,- ասաց Գուրգեն Տիգրանյանը՝ նշելով, որ իրենց կանայք ու երեխաները դեռ այսօր էին ցանկանում միանալ:

Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։ Մարտի 7-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել էր Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծել հանձնաժողով: