Նախնական տվյալների համաձայն՝ 2 մարդ զոհվել ու 5-ը վնասվածք են ստացել ուկրաինական Խարկով քաղաքում ռուսամետ ակտիվիստների կողմից «Պրոսվիտա» կազմակերպության գրասենյակի վրա հարձակման հետեւանքով: Այդ մասին տեղեկությունը, ինչպես հաղորդում է «Շուստեր Live»-ը, հաստատել է Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը:
«Ինչպես գիտեք, ես տնային կալանքի տակ եմ, սակայն աշխատում եմ հեռախոսային ռեժիմով: Իմ ձեռքի տակ եղած տեղեկությունների համաձայն, երկու զոհ եւ հինգ տուժող կա»,- այս մասին Կերնեսը հեռախոսով հաղորդել է «ՄեդիաՊորտի» թղթակցին՝ ճշտելով, որ տեղեկությունն այդ պահի դրությամբ է: Նախնական տվյալներով՝ զոհերը ոստիկաններ են:
Եվրամայդանի ակտիվիստները Facebook-ում գրում են, որ Խարկովում «Պրոսվիտա»-ի գրասենյակի գրոհի ժամանակ պայթյուններ են լսվել:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները հարձակվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հանրահավաքի մասնակիցների վրա: Արդյունքում եղել են զոհեր ու վիրավորներ:











