ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը մարտի 17-ի գիտխորհրդի արտահերթ նիստում տեղեկացրեց, որ ինքը դիմում է գրել ԿԳ նախարարին՝ խնդրելով ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից։

«Եթե իմ աշխատանքը չի ընդունվում, եւ որեւէ անհամաձայնություն կա, այս լարված մթնոլորտում աշխատելն ինձ համար ընդունելի չէ։ Երբ նախարարությունը որոշումը կայացնի, այդ պահից կլքեմ ռեկտորի պաշտոնը։ Իսկ մինչեւ այդ կշարունակեմ աշխատել եւ լուծում տալ օրակարգային հարցերին»,- ասաց ռեկտորը՝ դասախոսական կազմին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար։

Նա աշխատակիցներին հորդորեց շարունակել աշխատել բնականոն հունով, նաեւ տեղեկացրեց, որ բուհում ուսումնասիրություններ կատարած՝ նախարարության վերստուգիչ հանձնաժողովի եւ իրական ցուցանիշների միջեւ կան անհամապատասխանություններ։ Ինչ է հայտնաբերել հանձնաժողովը, ռեկտորը չասաց, տեղեկանքը նույնպես չտրամադրեց՝ նշելով, որ չի ուզում՝ այն հայտնվի լրատվամիջոցների ձեռքում։

Մեկ ամսվա ընթացքում վերստուգիչ հանձնաժողովը ուսումնասիրություն է կատարել մի քանի ուղղություներով, այդ թվում՝ գիտական եւ ֆինանսական։

«Ներկայացրել են տեղեկանք իրենց ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։ Ներկայացրել են առանց ստորագրության։ Մեր աշխատանքային խումբը ուսումնասիրել է փաստաթուղթը, կետ առ կետ պատասխանել ենք, պարզաբանումներ ենք գրել՝ ներկայացնելով մեր անհամաձայնությունը»,- ասաց ռեկտորը։

ՀՊՃՀ դասախոսները NEWS.am-ի թղթակին ասացին, որ շնորհակալ են ՀՀ նախագահին՝ բուհում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ անցած տարվա նոյեմբերին իրենց գրած դիմումին ընդառաջելու համար։

Դասախոսները վստահ են, որ հենց այդ ուսումնասիրությունների արդյունքում է Արա Ավետիսյանը ստիպված եղել հեռանալու դիմում գրել, ոչ թե ներքին լարվածության, ինչպես պնդում է նա։

«Բուհում մեկ ամիս շարունակ ստուգումներ անցկացվեցին նախագահի վերահսկողական ծառայությունից և նախարարության կողմից ուղարկված հանձնաժողովի կողմից: Մեր կասկածները հաստատվեցին, որ բուհում լուրջ խնդիրներ կան: Հատնաբերված խախտումները, հավանաբար, էական են եղել, որ նման որոշում է ընդունվել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը: