Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ երեւանյան թատրոնների դերասաններն այսօր՝ մարտի 17-ին, ներկայացրեցին գեղարվեստորեն՝ քաղաքի տարբեր մասերում անցկացնելով անձրևանոցներով ֆլեշմոբ։ (ֆոտոռեպորտաժ)
Դերասանները անձրևանոցներով բեմականացում ներկայացրին Կարապի լճի, Մոսկվա կինոթատրոնի մոտ, ինչպես նաև Հանրապետության հրապարակում: Դերասանների խոսքով՝ տարբեր թատրոնների դերասանները համախմբվել են՝ պայքարելու իրենց իրավունքների համար:
«Պայքարում ենք գեղարվեստի լեզվով և ուզում ենք ասել՝ եթե բյուջեն դատարկ է, և ուզում են այն լցնել, ապա թող լցնեն այնպես, ինչպես այն դատարկել են: Մեր ֆլեշմոբում ոչինչ պատահական արված չէ: Այն հովանոցները, որոնցով մենք պայքարում ենք, մի պահ դառնում են սուսեր մեր ձեռքին և դրանցով մենք պայքարում ենք, հետո դրանք բացվում են, և երկինք ենք կառուցում ինքներս մեր ձեռքերով, մեր հայրենիքում, մեր հողի վրա»,- նշեց ֆլեշմոբի մասնակից, Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան Իննա Հախնազարյանը:
Ֆլեշմոբի մասնակիցներից Մանվել Խաչատրյանը շրջում էր պատառոտված անձրևանոցով, որը խորհրդանշում էր այն երիտասարդի ապագան, որն այսօր կողմ է պարտադիրին:
«Մարդիկ, որոնք կողմ ենք այդ օրենքին, չունեն սեփական կարծիք և չեն մտածում սեփական երկրի, երեխաների ապագայի մասին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դերասաններից Տաթև Մելքոնյանը նշեց, որ 5% պարտադիր վճարը ինքը համարում է կողոպուտ և չի հավատում, թե տարիներ անց գումարները վերադարձվելու են մարդկանց:
Ֆլեշմոբի վերջում անձրևանոցները բացվեցին և կազմեցին «Դեմ եմ» պարտադիրին գրությունը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











