Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի գյուղապետարանից մարտի 17-ի լույս 18-ի գիշերը 4 համակարգիչ և պատճենահանման մեկ սարք են գողացել՝ կոտրելով աշխատասենյակի դռան ճաղավանդակը:

Առավոտյան առաջինն աշխատանքի եկած հավաքարար Բնաշ Գարեգինյանը գյուղապետարանի աշխատասենյակի դռան ճաղավանդակը պոկված է գտել:

«Առավոտ 8 անց կես եկել, բանալիով բացել եմ դուռը, տեսել եմ՝ ջարդած ա, առաջ չեմ գնացել: Գնացել, գյուղապետին եմ զանգել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Գյուղապետարանի աշխատակիցներն ասացին, որ գյուղապետարանում ոչ պահակ կա, ոչ էլ տեսանկարահանող սարք, անվտանգությունն ապահովելու համար աշխատասենյակի դուռն ու պատուհանները երկաթյա ճաղավանդակներով են ամրացրել։

«Աշխատասենյակի պատուհանները ճաղավանդակով փակած է, մտել են գրադարանի պատուհանից, լոմով քանդել, հանել են սենյակի երկաթից ճաղավանդակն ու գողացել չորս համակարգիչ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետի տեղակալ Մանվել Սահակյանը:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ, և առայժմ չեն կարող մանրամասներ հաղորդել: