Դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ մարտի 17-ին վեցերորդ անգամ նստացույց է սկսել նախագահի նստավայրի դիմաց։

Աշոտ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ  կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապու կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում  քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ։

«Արմավիր մարզի դատախազությունը եւ ոստիկանությունը կոծկում են իմ տան փաստաթղթերը գողանալու,պատռելու ու ոչնչացնելու փաստը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Խուդոյանը։

Խուդոյանը նշեց, որ այսօր նախագահական նստավայրից ընտանիքի հետ գնալու է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու օբյեկտիվ եւ արդար քննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար։

«3D ակնոցներ ենք բերել դատախազության համար՝ ապացուցենք, որ մենք ճիշտ ենք»,-ասաց Խուդոյանը ՝նշելով, որ գլխավոր դատախազը իրեն խոսք էր տվել օբյեկտիվ  դատաքննություն, սակայն իր խոստումը չի կատարել։

Խուդոյաններն իրենց հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու համար բողոք են ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ  Աշոտ Խուդոյանը նախորդ տարվա նոյեմբերի 6-ին հինգերորդ անգամ նստացույց էր սկսել նախագահական նստավայրի դիմաց, կարել էր բերանն ու հացադուլ հայտարարել։ Նոյեմբերի 13-ին գլխավոր դատախազը ընդունել էր Աշոտ Խուդոյանին, խոստացել նոր քննություն նշանակել և անձամբ հետևել գործի քննությանը, որից հետո Խուդոյանը բերանի կարերը քանդել էր եւ գնացել տուն։