ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ղրիմում պետական երեք իրավահավասար լեզու ներդնել:
«Ճիշտ կլինի, եթե Ղրիմում պետական երեք իրավահավասար լեզու ներդրվի՝ ռուսերենը, ուկրաիներենը եւ ղրիմաթաթարական լեզուն», - նշել է նա Կրեմլում ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի, ՌԴ մարզերի ղեկավարների եւ հասարակայնության ներկայացուցիչների առջեւ:
Նախագահն ընդգծել է. «Մենք հարգում ենք Ղրիմում ապրող բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, դա նրանց ընդհանուր տունն է, նրանց փոքր Հայրենիքը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանել է ժողովրդավարական ընթացակարգերին:
Նա նաեւ նշել է, որ «պետք է միջոցներ ձեռնարկվեն, որոնք ավարտի կհասցնեն ղրիմ-թաթարական ժողովրդի ռեաբիլիտացիան»: Նա նաեւ հավելել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուս ժողովորդն աշխարհում ամենամասնատվածը դարձավ:
Ըստ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ հարաբերությունները միշտ էլ կլինեն կարեւորագույն, առանցքային՝ առանց որեւէ չափազանցության:
«Ռուսաստանը միշտ էլ ընդառաջ է գնացել Ուկրաինային, մասնավորապես՝ սահմանազատման հարցերում, հուսալով, որ դրա տարածքում հարգելու են ՌԴ քաղաքացիների շահերը եւ իրավունքները», - ասել է ՌԴ նախագահը, նշելով, որ «ռուսները հոգնել են վերջին 20 տարիներին Ուկրաինան ցնցող մշտական ճգնաժամից»:
Մարտի 18-ին Պուտինը հանդես է գալիս ՌԴ-ի կազմին Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի միացման վերաբերյալ հայտարարությամբ: Կրեմլ են հրավիրվել Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի անդամներ, Ռուսաստանի մարզերի ղեկավարներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:











