Դատական անարդարությունների դեմ պայքարող Աշոտ Խուդոյանը պատրաստվում է  երեկվանից Բաղրամյան 26-ի մոտ վերսկսած իր նստացույցը շարունակել ՀՀ գլխավոր դատախազության առջև, եթե փաստաթղթերի գողության, կեղծման մասին իր հաղորդման հիման վրա քննությունը կրկին Արմավիրի մարզում անցկացվի:

«Քրոջս` Մարիետա Քալաշյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշումը ենթակա է բողոքարկման: Մենք այն 7 օրվա ընթացքում կբողոքարկենք, եւ եթե գործը նորից Արմավիրի մարզում քննվի, կբոյկոտեմ իմ իրավունքների սահմանում: Կնստեմ հենց գլխավոր դատախազության մոտ այնքան ժամանակ,  մինչև որ գործը տեղափոխեն այստեղ: Արմավիրի մարզն իր հանցագործությունը երբեք չի բացահայտի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Խուդոյանը, որը այսօր կնոջ եւ չորս անչափահաս երեխաների հետ նախագահական նստավայրից գնացել էր Գլխավոր դատախազություն, հանդիպել  գլխավոր դատախազի օգնական Արտակ Բարսեղյանին:

Նա պատմեց, որ դատախազությունում իրեն բացատրել են՝ օրենքով սահմանված կարգով ինքը կարող է բողոքարկել քրեական գործ չհարուցելու որոշումը:

Խուդոյանները գլխավոր դատախազությունում հանդիպումից հետո վերադարձան Բաղրամյան 26, որտեղ կշարունակեն իրենց նստացույցը: Ի դեպ, Խուդոյանների դուստրերից մեկը վատառողջ էր, թերեւս դրսում գիշերելու հետեւանքով մրսել էր, գունատ էր ու մարսողությունը խանգարվել էր։  

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին Աշոտ Խուդոյանն իր ընտանիքի հետ, արդեն 6-րդ անգամ նստացույց է սկսել նախագահական նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ  կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապու կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում  քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ:

Հիշեցնենք, որ  Աշոտ Խուդոյանը նախորդ տարվա նոյեմբերի 6-ին հինգերորդ անգամ նստացույց էր սկսել նախագահական նստավայրի դիմաց, կարել էր բերանն ու հացադուլ հայտարարել։ Նոյեմբերի 13-ին գլխավոր դատախազը ընդունել էր Աշոտ Խուդոյանին, խոստացել նոր քննություն նշանակել և անձամբ հետևել գործի քննությանը, որից հետո Խուդոյանը բերանի կարերը քանդել էր եւ գնացել տուն: