Հայաստանի ԱԺ-ում ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում որեւէ կադրային հարց չի քննարկվել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, այդ հանդիպումից հետո, լրագողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուի վերաբերյալ հարցին:
Ըստ նրա՝ քաղաքական ուժերի քառյակի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ երբեք չի քննարկվել անձերի հարցը: «Մենք սկսել ենք գործընթաց, որի լավագույն գրավականը ժողովրդի աջակցությունն է: Սակայն ամբողջ գործընթացի համար, բնական է, որ ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ: Մենք ժողովրդին ցանկանում են այլընտրանքային քաղաքական գործընթաց առաջարկել, որը արմատական փոփոխությունների կհանգեցնի միմիայն հասարակության ակտիվ մասնակցության դեպքում»,-ընդգծել է Զուրաբյանը:
Անդրադառնալով հրապարակումներին, որ «Ժառանգություն» կուսակցությունը կարող է դադարեցնել համագործակցությունը մյուս խորհրդարանական ուժերի հետ, նա ընդգծել է. «Ես նման բան առաջին անգամ եմ լսում»:











