Երեւան-Ապարան միջպետական նշանակության մայրուղին փակվելուց հետո մոտ 2,5 ժամ անց մարտի 19-ին՝ժամը 14։30-ի մոտ, ոստիկաններին հաջողվեց վերջնականապես բացել ճանապարհը՝ այնտեղից հեռացնելով նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող՝ Արագածոտնի մարզի յոթ գյուղերի մի քանի հարյուր բնակիչներին՝ մի մասին համոզելով, մյուսներին ուժով՝ հրելով։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապահին խցանված բեռնատարներն արդեն սկսել են երթեւեկել։ Բայց հրմշտոց ու վիճաբանությունը մի կողմից ոստիկանների եւ մարզպետի, մյուս կողմից՝ բնակիչների եւն բնապահպան ակտիվիստների միջեւ շարունակվում են։

«Դուք եկել եք այստեղ միտինգ անելու, ոչ թե այս բանկիչներին օգնելու»,- քաղաքացիական ակտիվիստների եւ բնապահպաններին ասել են ոստիկանները՝ բնակիչներին հորդորելով չհավատալ ակտիվիստների սրտացավությանը. «Ակտիվիստները այս հարցը քաղաքականացնում են։ Դրա համար ձեր խնդիրը չի լուծվում»:

Յոթ գյուղերի տղամարդկանց են միացել նաեւ կանայք։ «Չենք գնալու, մինչեւ հարցը չլուծվի։ Մյուս անգամ ոչ թե տղամարդիկ, այլ 7 գյուղի կանայք են գալու, մեզ խաբել եք ու շարունակում եք խաբել»,- բղավել է գյուղացի կանանցից մեկը։Լ

Երբ ճանապարհը կիսով չափ բացվել էր, բնապահպանները կանգնել են բեռնատարներից մեկի դիմաց՝ թույլ չտալով, որ մեքենան շարժվի։ Ոստիկանները նրանց բռնի ուժով, քաշքշելով ու հրելով տարել են դեպի մայթ։ Քաշքշուք է սկսվել նաեւ գյուղացիների եւ ոստիկանների միջեւ, որոնց մի մասը, NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, քաղաքացիական հագուստով է։

Գյուղացիները NEWS.am-ի հետ զրուցում ասացին, որ ոստիկաններն իրենց հայհոյել են եւ հրել. «Ով է այդքան իրավունք տվել, որ գան էստեղ կանգնեն, քֆուր-քյաֆար անեն»:

Ակտիվիստ Տաթեւ Մայիլյանը հայտարարել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարվածել են իր ոտքին:

Քիչ առաջ գյուղացիների մոտ է գնացել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ  գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am