Հարգելի փոխվարչապետ, եկել ես մեզ խաբելո՞ւ. Երեւան-Ապարան մայրուղու վրա հավաքված գյուղացիները մարտի 19-ին այսպես արձագանքեցին նոր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի բացատրություններին։ Երկար ժամանակ Օհանավան եւ Կարբի գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի դեմ բողոքող Արագածոտնի մարզի 7 գյուղերի գյուղացիները փոխվարչապետին թույլ չէին տալիս խոսել. աղմկում էին, վիճում, սուլում, մինչեւ ի վերջո որոշեցին, որ փոխվարչապետը կխոսի խանութի աստիճանահարթակին կանգնած։
«Սիրելի ժողովուրդ, նախ ես հանդիպման ձեւաչափը ճիշտ չեմ համարում, ճանապարհ փակելով՝ համայնքային եւ պետական հարց չի լուծվում: Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում, իրենք աշխատանքի արդյունքները մի քանի օրից կներկայացնեն, եւ ես անձամբ կգամ եւ կտեղեկացնեմ ձեզ վերջնական որոշման մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչեւ վերջնական որոշումը ոչ մի աշխատանք չի կատարվի»,- հայտարարեց փոխվարչապետը։
Փոխվարչապետը նաեւ տեղեկացրեց, որ մի քանի տարի է, ինչ ՀԷԿ-ը կառուցելու թույլտվության կա, հիմա կատարվում են արագահոսի վերանորոգման աշխատանքներ. «Դեռ չի հասել հանրային լսումների փուլը: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, եւ ջրային ռեսուրսները բավականացեն, այն կաշխատի, եթե ոչ՝ ոչ»:
Լուրը, որ իրենք մի քանի տարի տեղյակ չեն եղել, որ նման թույլտվություն կա, բնակիչներին ավելի վրդովեցրեց։ Նրանք պահանջեցին, որ փոխվարչապետը հստակ հայտարարի՝ ՀԷԿ-ը չի կառուցվելու։ Նրանք նաեւ ասացին, որ չեն հավատում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների ճշմարտացիությանը։
«Թող գան, ուսումնասիրություններ անեն, հողի ընդերքը ստուգեն, նոր որոշումներ կայացնեն. եթե ես երկու ջուր ավելի ջրեմ, 2-3 տոնա ավելի բերք կստանամ: Դու այս հաշվարկներն արել ե՞ք»,- փոխվարչապետին հարցրեց գյուղացիներից Վոլոդյա Գեղամյանը:
Գյուղացիները հայտարարեցին, որ հանձնաժողովի աշխատանքն անիմաստ է, եւ ավելի լավ է՝ այն դադարեցնի աշխատանքը։
«Միայն մեր գերեզմանների վրա ՀԷԿ-ը կկառուցեք: Էսօր ես պիտի ջուր անեմ: 20-24 տարի ա՝ ես 70 տարեկան մարդ եմ, 18 ժամ աշխատում եմ: Էսօր 100 կիլո խնձոր ենք տանում, չենք կարողանում վաճառել, արտասահմանից խնձորը բերում են թանկ- թանկ ծախում»,- ասաց Վոլոդյա Գեղամյանը։
Գյուղացիների ու լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են պտտվում, թե նոր կառուցվող ՀԷԿ-ը պատկանում է հենց Արմեն Գեւորգյանին, փոխվարչապետը պատասխանեց. «Իմ անունը շատ տեղերում է շրջանառվում։ Ես չեմ ճանաչում ՀԷԿ-ի սեփականատիրոջը»։
Ի վերջո փոխվարչապետն ու բնակիչները համաձայնեցին հանդիպել ուրբաթ՝ ժամը 17։00-ին, երբ փոխվարչապետը նրանց կտեղեկացնի կառավարական հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա կառավարության վերջնական որոշումը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բազմությունը կամաց-կամաց ցրվում է։ Գյուղացիները հեռանալուց առաջ փոխվարչապետին զգուշացրեցին, որ եթե ուրբաթ հստակ չիմանան, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, յոթ գյուղերի բնակիչներով կհավաքվեն ու մյուս օրը՝ մարտի 22-ին, կգնան մայրաքաղաք՝ մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին։
Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։











