«Դեմ եմ» նախաձեռնության անդամները մարտի 19-ին շրջում են մայրաքաղաքի փողոցներում եւ քաղաքացիներին իրազեկում մարտի 22-ին կայանալիք մեծ հանրահավաքի մասին։ (ֆոտոռեպորտաժ)

Մատենադարանի մոտից մեկնարկած երթի մասնակիցները բաժանվել են մի քանի խմբի, ապա դրոշներով եւ թմբուկներով շարժվել տարբեր ուղղություններով՝ բարձրախոսով հայտարարելովմ հավաքի մասին, անցորդներին թռուցիկներ բաժանելով եւ փակցնելով դրանք ծառերին, սյուներին եւ մեքենաների ապակիներին:

Նախաձեռնության անդամներն իրազեկում են հանրահավաք-երթի օրը, ժամը, նպատակը եւ օրակարգը եւ կոչ են անում «միանալ ու պայքարել հակասահմանադրական օրենքի դեմ»:

«Մենք խնդիր ենք դրել մեր առջեւ, որ մարդիկ ավելի շատ տեղյակ լինեն օրենքի բացասական կողմերի մասին։ Մեր ծնողների հասակակիցները շատ ավելի սրտացավ են, դա ցույց են տվել նախորդ հավաք-երթերին իրենց մասնակցությամբ»,- NEWS.am-ի  հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Դեմ եմ» նախաձեռնության իրազեկման երթը հսկում են փոքրաթիվ ոստիկաններ։

Նշենք, որ հանրահավաքին միանալու են ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները։

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։