«Իսկ Դուք ունե՞ք առաջ գնալու այն հատկանիշները, որ ինքը չունի»։ Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը դիմում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Տիկին Մարգարիտան վիրավորվել է Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին նախարարի պատասխանից, թե «եթե Վոլոդյա Ավետիսյանը ունենար ավելի հատկանիշներ, ծառայության ընթացքում պաշտոնական ծառայության աճով կավելանար»:
«Դու էնտեղ նվերը տալիս ես, գնդապետի կոչումը տալիս ես, շնորհավորում ես, հետո էլ ասում ես՝ ինքը հատկանիշներ չունի առաջ գնալու, բա էդ պատվոգրերը ինչի՞ համար ա, արիության մեդալ եք տվել, դա ինչի՞ համար է, իր հատկանիշների համար չէ՞»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Բաղրամյանը:
Տիկին Մարգարիտան իր վեց զավակներին, որոնցից երեքն անչափահաս են, պահում է իր, սկեսուրի եւ ամուսնու թոշակներով։ Ամենաբարձրը ամուսնու թոշակն է՝ 70 հազար դրամ. «Միայն 40 հազարով իրան պերեդաչի եմ տանում»:
Տիկին Մարգարիտան երրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում։ Հատկապես անչափահաս երեխաները շատ ծանր են տանում հոր բացակայությունը, հիվանդանում են կարոտից, ջերմում։ Ավետիսը, որին, մոր խոսքով, չնայած լուրջ հիվանդություններին, հունվարի վերջին բանակ զորակոչեցին, վատ վիճակում է.
«Պրիսյագին որ գնացի, էրեխու վիճակը շատ վատ էր, բողոքում էր զոբից, սիրտն էլ լավ չէր, դեղ տվեցի, որ սրտի աշխատանքը կարգավորվի»,- պատմեց Մարգարիտա Բաղրամյանը:
Նրա կարծիքով՝ Ավետիսին զորակոչել են, որ հայրը հուսահատվի. «Բայց Վոլոդյան էն մարդը չի, որ դրանից հուսահատվի: Վալոդին առաջարկել են, որ պայքարից հետ կանգնի՝ իրեն գործ կտան, առաջ կգնա, բայց Վալոդը չհամաձայնեց»։
Վոլոդյա Ավետիսյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը, բացառում է, որ իր որդին կարող էր կաշառք վերցնել եւ կարծում է, որ Վոլոդյային ձերբակալել են ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պայքարի համար:
«Իմ տղեն կատաղեց, որ 7 տարի կռվելուց, 25 տարի էլ անշահախնդիր աշխատելուց հետո 70 հազար թոշակ է ստանալու եւ դրանով 6 երեխա է պահելու։ Ասում էր՝ 70 հազարն ի՞նչ ա, հավաքարարն ա էդքան առնում, ես այդքան կռվեմ, պայքարեմ ու 70 հազար ստանա՞մ»,-պատմեց Սուսաննա Պողոսյանը՝ նշելով, որ իր որդին ոչ միայն իր, այլ մյուս ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար է պայքարել. «Իրանց ջեբին էին կպնում, իրանց փողը կպակասեր, դրա համար էլ սարքեցին գլխին, որ կաշառակեր ա»։
Վոլոդյա Ավետիսյանի մայրը Զվարթնոցում գտնվող իրենց հողատարածքում է եղել, երբ իրեն տեղեկացրել են որդու ձերբակալության մասին:
«Եկան, ասեցին՝ Ավետիսյան Վոլոդյան, քո տղե՞ն ա, ասի՝ հա, մեռնեմ տղուս, ազատամարտիկների շե՞ֆն ա, ասի հա, ազատամարտիկների շեֆն ա պարծենալով, ասեցին՝ բռնել են քո տղուն կաշառակերության համար։ Հենց էնտեղ ես վատացա»,- պատմեց գնդապետի մայրը՝ նշելով, որ այդ ժամանակ էլ կորցրել է գիտակցությունը, որից հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց։
Սուսաննա մայրիկի խոսքով՝ այդ օրվանից ինքը գիշերները չի քնում. «Ժամը 10-ից մտնում եմ տեղաշոր ու մտածում՝ ինչի պիտի իմ գյոզալ տղեն գնա նստի։ Բոլորն էլ իրեն ճանաչում են, որպես լավ, ազնիվ մարդու»։
Վոլոդյա Ավետիսյանի մայրն ու կինը հավատում են, որ նա շուտով ազատության մեջ կլինի:
«Հավատում եմ Աստծուն, արդարությունը չի կորել, գիշեր ցերեկ Աստված եմ կանչում, որ ինձ համբերություն տա, որ գոնե չմեռնեմ, տղես գա, տեսնեմ»,- ասաց Սուսաննա Պողոսյանը:
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը անցել է մարտական երկար ուղի. 1989-1991թթ. Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ կազմակերպել եւ մասնակցել է Վարդենիսի ինքնապաշտպանությանը, մասնակցել է Շահումյանի ինքնապաշտպանական մարտերին , Մարտակերտի շրջանի մարտերին, Վարդենիսի պաշտպանությանը եւ Քարվաճառի մարտերին:
Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական... ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»:











