Գյումրիում Արտյոմ Կարապետյանի («Շեկո») սպանության գործով մարտի 19-ին կայացած դատական երկրորդ նիստին հարցաքննվեց 6 վկա, այդ թվում՝ գործով տուժող, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավոր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութի») կինը՝ Ծովիկ Խաչատրյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր, դատալսմանը ներկա էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ-բարեկամները, որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվողը Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է, որը դեպքի հաջորդ օրը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Նախորդ նիստին դատարանը հարցաքննել էր «Քավոր Հարութի», որը նախաքննական մարմնին տված իր ցուցմունքներին հակասող ցուցմունք էր տվել։ Նույնը կատարվեց այսօր, երբ դատարանը հարցաքննեց գործով վկա Աննա Հովակիմյանին։
Նա դատարանին պատմեց, որ դեպքի օրը Շիրակացի հասցեով անցնելիս է եղել եւ ոչինչ չի տեսել. ոչ վեճի ձայն է լսել, ոչ կրոկոցի եւ չի ճանաչում ո՛չ ամբաստանյալին, ո՛չ տուժողին, ոչ էլ սպանվածին:
«Ես Շիրակացի հասցեով գնում էի թիվ 7 դպրոց՝ երեխայիս դպրոցից վերցնելու եւ ոչ մի արտառոց բան չեմ տեսել, միայն մի սեւ գույնի մեքենա կար, որ ես անցնել էի ուզում, հետընթաց էր կատարում, ես սպասեցի, մինչեւ նա անցնի ու շարունակեմ ճանապարհս, չեմ հիշում»,- պատմեց Աննա Հովակիմյանը:
Սակայն մեղադրող կողմը միջնորդեց դատարանին ընթերցել վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, քանի որ տիկնոջ պատմածն ու գրածը խիստ տարբերվում էին։
Նախաքննական մարմին տված ցուցմունքում Աննա Հովակիմյանը գրել էր. «Տեսա բազմաթիվ մարդկանց հավաքված, ընդ որում՝ դա կրակոցներից րոպեներ անց էր, շուռ եկա դեպի այդ կողմն ու տեսա սեւ գույնի մեքենա»։ Ընթերցելուց հետո պետմեղադրող Արմեն Շիրոյանը վկային հարցրեց, թե ինչու է հակասում իր գրած ցուցմունքին:
Աննա Հովակիմյանը դատարանին պատմեց, որ դեպքի օրը ոստիկաններն իրեն բերման են ենթարկել որդու հետ ու ստիպել գրել, ինքն էլ վախեցել է ու հրաժարվել որեւէ բան գրել.
«Ինձ հանկարձակի բերման ենթարկեցին, բերման ենթակելը դեռ մեղմ է ասված, քաշեցին ձեռքիցս, նստցրեցին մեքենան ու տարան բաժին, ես վախեցած էի, անըհդհատ ջուր էի խմում, տղաս հետս էր, նա լացում էր, ես տեղյակ էլ չեմ եղել, թե որդուս ինչպես են տուն տարել, ինձ էլ ասում էին՝ գրի ,ինչ տեսել ես, գրի, ես ասում էի՝ չեմ տեսել, չեմ կարող գրել , ոստիկանները մասկեքով ներս էին մտնում, ես ավելի էի վատանում, էլ ուր մնաց՝ կարողանայի բան գրել։ Ես ոչ մի բան չեմ գրել, ես նույնիսկ հիշում եմ, որ ասացին՝ կարդա, ես ասի՝ չեմ կարող, ասի՝ ի՞նչ պիտի անեմ, որ շուտ գնամ, ես ընդհանրապես ոչ մի ցուցմունք չեմ գրել, ինձ անգամ չասեցին, թե ինչու են բերման ենթարկել»,- պատմեց վկա Աննա Հովակիմյանը:
Հաջորդ հարցաքննվող վկան Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավոր՝ տուժող Հարություն Խաչատրյանի կինն էր ՝ Ծովիկ Խաչատրյանը: Երբ դատարանը դահլիճ հրավիրեց տիկնոջը, Սպարտակ Ղուկասյանն իր ուղեկցորդներով անմիջապես լքեց դահլիճը: Քավոր Հարութն էլ պահանջեց, որ լրագրողները չտեսաձայնագրեն իր կնոջ ցուցմունքը: Դատարանը բավարարեց պահանջը:
Ծովիկ Խաչատրյանը դատարանին պատմեց. «Ամուսինս աղջկաս էր դպրոցից տուն բերում, ես էլ իջնում էի, որ միասին հյուր էինք գնալու` Շեկոն էր տանելու, դուրս եկա բակ, ձայներ լսեցի՝ գմփմփոց, մտածեցի՝ մեքենայի անիվը տրաքեց, առաջ գնացի մի քանի քայլ ու տեսա Արտյոմը (Շեկոն) Հարութի հետ վազում էին, Հարութը կողքերն էր նայում, երեւի աղջկաս էր փնտրում, վիրավոր էին, ես վազեցի տուն գոռացի՝ շտապօգնություն կանչեք ու էլ բան չեմ հիշում։ Արթնացա արդեն բազմոցին, հետո ինձ ու աղջկաս տարան բաժին հարցաքննության, աղջիկս վախեցած է, նա ոչինչ չի խոսում այդ մասին»։
Կնոջ վկայությունից հետո «Քավոր Հարութը» կնոջ ու որդու՝ Գեւորգ Խաչատրյանի հետ հեռացավ դահլիճից: Դատավորը, նկատելով, որ տուժողը բացակայում է, հայտարարեց ընդմիջում, որ գտնեն «Քավոր Հարութին», սակայն նա այդպես էլ չվերադարձավ: Նիստը, սակայն, կողմերի համաձայնությամբ շարունակվեց առանց տուժողի ներկայության:
Հաջորդ վկան՝ Սոնյա Գարանյանը, պատմեց, որ դեպքի պահին զբաղված էր դեպքի վայրում գտնվող խանութի դիմաց ապրանք դասավորելով:
«Ես նկատեցի, որ հակառակ մայթին սեւ մեքենա եկավ, կանգնեց, ուշադրություն չդարձրեցի, շարունակեցի ապրանքս դասավորել, էդ սեւ մեքենան բարձր մեքենա էր, չեմ կարող ասել՝ ինչ մեքենա էր։ Հետո սպիտակ մեքենա նկատեցի, մեծ արագությամբ եկավ, կանգնեց մեր խանութի դեմ դիմաց, ես դառա, նայեցի, տեսա՝ սեւ մեքենայից սեւ կոժով չաղ սպիտակախառը մազերով մարդ էր իջնում զենքը ձեռքին, սկսեց կրակել սպիտակ մեքենայի ուղղությամբ, ես վախեցա ու ներս փախա, կրակոցները գալիս էին իմ կողմ, երբ սպիտակ մեքենայի վարորդը դուրս եկավ մեքենայից, ես նկատեցի, որ նա կաղում էր, հետեւի կողմից դուռը բացեց, զենքը վերցրեց ու սկսեց կրակել սեւ մեքենայի ուղությամբ»,- պատմեց վկա Սոնյա գարանյանը:
Սոնյա Գարանյանի դատարանում տված ցուցմունքը նույնպես զարմացրեց մեղադրող կողմին. նախաքննական ցուցմունքում նա հակառակն էր գրել։ Դատախազի հարցին, թե ինչու է դատարանում այլ վկայություն տալիս, Սոնյան պատասխանեց, որ վախեցած է եղել, ու հիմա էլ չի հիշում, թե ինչ է գրել այն ժամանակ, պնդեց, որ հիմա կատարվածը լավ է հիշում ու ճիշտն է պատմում, սակայն չի հիշում կրակոցներ արձակած մարդկանց դեմքերը։
Հաջորդ վկան դեպքի վայրում գտնվող խանութում է աշխատել, ինչպես նաեւ այդ տարածքի բնակիչ է՝ Սարգիս Գասպարյանը: Նա դատարանին ասաց, որ չի ճանաչում ոչ մի կողմին, միայն լսել է «Քավոր Հարութի» անունը՝ որպես ԱԺ պատգամավորի քավոր ու քաղաքում հայտնի հեղինակություն:
«Ես չեմ ճանաչում կողմերին, չեմ հիշում՝ ինչ է եղել, միայն ձայներ եմ լսել, դուրս եկել, տեսել եմ՝ մարդիկ էին կանգնած»- պատմեց Սարգիս Գասպարյանը:
Պետմեղադրողի միջնորդությամբ՝ դատարանը թույլ տվեց ընթերցել վկայի նախաքննական ցուցմունքը, որում, մասնավորապես, գրված էր. «Ես Հարութ Խաչատրյանին ճանաչում եմ որպես թաղի բնակիչ, տղային՝ Գեւորգ Խաչատրյանին էլ՝ որպես թաղի տղա, խանութի դիմաց 4-5 կրակոց եմ լսել, խանութում հաճախորդ կար, ճանապարհեցի, դուրս եկա, տեսա քավոր Հարութի «Մերսեդես» մակնիշի մեքենան էր կանգնած, Գեւորգը փորձում էր մեքենան խոդի տար, բայց քավորը գոռաց՝ Գեւոր, մի գնա, ես տեսա «Մակարով» տեսակի զենքը, որը Գեւորգը վերցրեց»։
Հարցին, թե ինչու է փոխում իր ցուցմունքը, Սարգիս Գասպարյանը պատասխանեց, որ վախեցած է:
Այսօր հարցաքննված գրեթե բոլոր վկաները իրենց նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունքներ տվեցին։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ ինքնապաշտպանվել է: «Ինքը մենակ է եղել, երկու հոգի իր դեմ, ինքը ստացել է մարմնական վնասվածք, առաջինը իր վրա են սկսել կրակել, իսկ քննիչը գտնում է, որ առաջին կրակոցները Վահեի կողմից են եղել, այս հանգամանքից էլ կախված է գործի ելքը»,-ասել էր Հայկ Ալումյանը:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, այնուհետեւ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:











