Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները մոտ հիսուն մեքենաներով այսօր՝մարտի 20-ին, ժամը 12:30-ից պտտվում են Հանրապետության հրապարակի գորգի շուրջ եւ բարձրախոսով քաղաքացիներին իրազեկում մարտի 22-ին կայանալիք մեծ հանրահավաքի մասին (ֆոտոռեպորտաժ)։
Իրազեկման ավտոերթի մասնակիցները մեքենաներին փակցրել են թռուցիկներ, որոնց վրա գրված է մարտի 22-ին Ազատության հրապարակում կայանալիք մեծ հանրահավաքի օրը, ժամը, նպատակը:
«Միացե՛ք պայքարին, ցուցաբերեք միասնականություն, միացե՛ք պայքարին, որը հակասահմանադրական օրենքի դեմ է: Պետք է պայքարենք, որ ՀՀ քաղաքաքացին իր երկրում ապրի արժանապատիվ, այդ իսկ պատճառով բոլորին կոչ ենք անում ամսի 22-ին, ժամը 14:00-ին գալ Ազատության հրապարակ, միանալ համազգային պայքարին»,- բարձրախոսով հայտարարում են ավտոերթի մասնակիցները եւ անդադար ազդանշան տալիս:
Հրապարակի գորգի շուրջ պտույտ տվող մեքենաները խցանման պատճառ են դառնում, երթեւեկությունը կարգավորում են մի քանի տասնյակ ոստիկաններ:
Ժամը 13:30-ին մեքենաները Հանրապետության հրապարակից կշարժվեն դեպի Աբովյան պուրակ:
Մեծ հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթին միացել է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Կարո եղնուկյանը: Նշենք, որ հանրահավաքին միանալու են ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները։
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











