Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, որոնք այսօր՝մարտի 20-ին, մի քանի տասնյակ մեքենաներով մոտ մեկ ժամ պտտվեցին Հանրապետության  հրապարակի գորգի շուրջ եւ բարձրախոսով քաղաքացիներին իրազեկեցին մարտի 22-ին կայանալիք մեծ հանրահավաքի մասին, այժմ պտույտներ են կատարում Աբովյան պուրակի շուրջ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «ԴԵՄ ԵՄ» թիմը անդամներին Խաչատուր Աբովյանի արձանի մոտ դիմավորել են մեծ թվով ոստիկաններ: Չնայած տուգանվելու վտանգին՝ ավտոերթի մասնակիցները ամբողջ ժամանակ ազդանշան են տալիս։ Նրանց ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում նաեւ այլ վարորդներ: Ավտոերթի պատճառով քաղաքի կենտրոնական փողոցներում խցանումներ են։

«Ավտոերթը իրազեկման օրիգինալ ձեւ է, մեքենաների ազդանշաններով ցանկանում ենք հասկացնել, որ մենք դեմ ենք նոր օրենքին, սրանով ցույց ենք տալիս, որ բոլորիս իրավունքերը ոտնահարվում են: Մենք իրազեկման համար դիմում ենք բոլոր օրիգինալ ձեւերին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները մեքենաներով մոտ կես ժամ կպտտվեն Խաչատուր Աբովյանի արձանի շուրջ, ապա կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա, որտեղից էլ կգնան աշխատանքի:

Ոստիկաները Աբովյանի պուրակում մոտեցան վարորդներին եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից շնորհակալություն հայտնեցին, որ օրենքի սահմաններում անցկացրեցին ավտոերթը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի հանրահավաքին միանալու են ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»։  2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am