Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ բողոքող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության մարտի 22-ի հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի պատճառով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներ այս պահին մեքենաների համար դժվարանցանելի են։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հատկապես Տերյան եւ Աբովյան փողոցով երթեւեկող մեքենաները դժվարությամբ են կարողանում շարժվել առաջ, Տերյան փողոցում խցանումներ են: Որոշ երթուղայիններ մասամբ փոխել են իրենց երթուղիները՝ խցանումներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները այսօր ժամը 12։30-ից մոտ մեկ ժամ պտտվել են Հանրապետության հրապարակում, ապա մոտ կես ժամ՝ Աբովյանի պուրակում։ Ավտոերթին մասնակցող մի քանի տասնյակ մեքենաների եւ երթը հսկող բազմաթիվ ոստիկանական մեքենաների պատճառով ավտոերթի ամբողջ ընթացքում ծանրաբեռնված են եղել Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











