Արարատյան դաշտավայրում ծիրանենիները սովորականից մոտ տասն օր շուտ են ծաղկել, ինչը մեծացնում է ցրտահարության վտանգը:

«Կարծում եմ՝ ռիսկայնությունն այս տարի շատ ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, քանի որ ժամանակից շուտ են սկսել ծառերը ծաղկել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` այս տարի գարնանը ջերմաստիճանային փոփոխությունները շատ կտրուկ են, եղանակն անընդհատ ցրտում, տաքանում է, այդ պատճառով ցրտահարության վտանգը շատ մեծ է:

«Երբ գարնանը ջերմաստիճանի փոփոխություններ չենք ունենում, վտանգ չի լինում, բայց, ցավոք սրտի, այս տարի հույսներս դնելու ենք Աստծո վրա»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանի խոսքով` օդերեւութաբանների կանխատեսումներով հնարավոր չէ հստակ որոշել՝ ցրտահարություններ կլինեն, թե ոչ. «Ինչպես մեր պրակտիկան է ցույց տալիս, ցրտահարությունները կարող են շատ անսպասելի լինել: Դեռ առջեւում են, ինչպես ժողովուրդն է ասում, «պառվի ուլերը», որոնք շատ մեծ վտանգ են ներկայացնում պտղատու այգիների համար»: