Մարտի 21-ի գիշերը ինքնահրկզման փորձ արած՝ Վանաձորի Սունդուկյան 37 հասցեի բնակիչ 39-ամյա Նորայր Բարսեղյանն այդ քայլին գնացել է եղբոր ընտանիքի հետ ունեցած բնակարանային վեճի պատճառով։

Լոռու մարզի քննչական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ նա տանը բենզին է լցրել իր վրա, սպառնացել, որ կհրկիզի եւ իրեն, եւ տան անդամներին։  Նա կանգնած է եղել գազի վառարանի մոտ, որից էլ բռնկվել է հրդեհը՝ այրելով նրա մարմնի մակերեսի 30 տոկոսը։ Նորայրի հետ միասին հիվանդանոց են տեղափոխվել նրա եղբոր երկու զավակները՝ Արարատ եւ Մերի Բարսեղյանները։

Վանաձորի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Գեւորգ Քարամյանը NEWS.am-ին ասաց, որ վերջինների այրվածքները թեթեւ են եղել, առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել։

Նորայրին գլխի, ձեռքերի, կրծքավանդակի երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխել են Երեւան։

Նորայրի մայրը՝ Սուսան Մխոյանը, ի դեպ, ասաց, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնահրկիզման փորձ է եղել, այլ պատահականություն։

«Բենզին էր առել, թափվել էր վրեն։ Որ մոտեցավ գազին՝ տաքանա, բռնկվեց»,- ասաց Սուսան Մխոյանը։