Երեւանի ճարտարապետության եւ շինարարության  պետական համալսարանի 3-րդ կուրսի  ուսանող,  մարտի 19-ին ինքնասպան եղած Զալիկո Լուլուկյանի հիշատակին համակուրսեցիները համալսարանի առաջին հարկի սրահում անկյուն են բացել՝ մոմերով, ծաղիկներով ու նրա լուսանկարով սեղանիկ։

Ինքնասպանության լուրը ցնցել է Զալիկոյի դասախոսներին եւ ընկերներին, որոնք տղային հիշում են որպես պատասխանատու, կիրթ ու ընկերասեր մարդու:

«Վրաստանից եկած ուսանող էր: Շատ կազմակերպված, հավասարակշռված տղա էր, հնարավորության չափ սովորում էր, դաստիարակված էր: Սովորելու ձգտում ուներ, շատ համեստ, կիրթ էր ու հարգված: Բոլորը կարող են միայն լավ բաներ ասել նրա մասին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զալիկոյի դասախոսներից Սիրանուշ Սեւյանը:

Կառավարման եւ տեխնոլոգիաների բաժնում NEWS.am-ին հայտնեցին, որ Զալիկոն վերջին շաբաթներին շատ հաճախ էր բացակայում դասերից: «Նա համալսարանի ղեկավարությանը տեղեկացրել էր, որ աշխատում է, ու այդ պատճառով դասերին չէր հաճախում: Բայց մինչեւ դա դասերից հաճախ չէր բացակայում: Բոլորից առանձնանում էր: Դեկանատ գալիս մի բան խնդրելիս հազար անգամ ներողություն էր խնդրում: Բոլորիս համար շոկ էր, երբ իմացանք, որ ինքնասպան է եղել»,-NEWS.am-ին ասաց դեկանի տեղակալ Նունե Էվոյանը:

Տղայի ինքնասպանության լուրը զարմացրել էր նաեւ նրա համակուրսեցի Միքայել Ղազարյանին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Զալիկոն Հայաստանում վարձով է բնակվել ընկերներից մեկի հետ: «Առիթից առիթ էր գնում Վրաստան՝ արձակուրդներին հիմնականում: Շատ լավ մարդ էր: Մարդու գլխի մեջ չի տեղավորվում՝ ոնց կարար տենց բան աներ»,- ասաց նա՝ նշելով, որ Զալիկոն վերջերս աշխատանքի էր անցել բուքմեյքերական ընկերություններից մեկում:

Հիշեցնենք, որ Զալիկո Լուլուկյանի դին հայտնաբերվել էր մարտի 19-ին Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի տակ: Նա Վրաստանի Ախալքալաքի շրջանից էր: Փաստի առթիվ ոստիկանությում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: