Գառնու տաճարում գարնանային արևահավասարի օրը՝ մարտի 21-ին, հայ հեթանոսները նշեցին Նոր տարին՝ Վահագն Աստծո ծնունդը եւ ազդարարեցին հեթանոսների օրացույցով 9597 թվականի սկիզբը:

Հայաստանի տարբեր մարզերից Գառնի էին եկել տասնյակ հեթանոսներ եւ հարյուրավոր քրիստոնյաներ՝ դիտելու Վահագնականչի եւ սրբազան կրակի վառման արարողությունը:

«Այսօր գիշերը եւ ցերեկը կամ լույսն ու մութը հավասարվեցին իրար: Մեր երկրի համար այս օրը տիեզերական գարուն է: Սա հին ազգային արիական Նոր տարին է, 25 տարի է՝ մենք այստեղ դիմավորում ենք Նոր տարին եւ զորության Աստված Վահագնի ծնունդը: Իրական Նոր տարին սա է, եւ ոչ թե այն, որ նշում ենք ձմռանը՝դեկտեմբերի 31-ին: Նոր տարի նշանակում է, որ տարին նորոգվում է, իսկ այն նորոգվում է գարնանը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Արորդաց ուխտի» քուրմ Գագիկ Հայրապետյանը:

Վահագնականչի արարողության ժամանակ սպիտակ տոնական թիկնոցներ հագած քրմերը սրերով օրհնեցին գինին, տարեհացը եւ ուռենու ճյուղեր բաժանեցին հավաքվածներին:

Արարողությունից հետո քրմերը Վահագն Աստծուն զոհաբերեցին մեկ տարին չբոլորած գառ: Սկզբում կտրեցին գառի ականջը եւ արյունն իրենց սրերով քսեցին արորդիների ճակատներին:

«Զոհաբերությամբ է զորանում եւ հավերժանում մեր ամբողջությունը: Զոհաբերությունը երջանկաբեր է, դա սիրո եւ նվիրումի սրբագործումն է մեր մեջ»,- թուրը սրտին դրած հայտարարեց քուրմը:

Հետո հավաքվածները իրենց երազանքների կատարման համար բազմագույն ժապավեններ կապեցին երիտասարդ ծիրանենուն:

«Դա ամենահեշտ ձեւն է հաղորդակցվելու աստվածների հետ, հատկապես Վահանգ Աստծո հետ: Եթե դու ինքդ հավատում ես, էդ զորությունը միանշանակ օգտակար է լինում, եւ կարող են երազանքներդ կատարվել»,- ժապավեններ կապելու խորհուրդը բացատրեց քուրմ Գագիկ Հայրապետյանը:

Գառնու հեթանոսական տաճար էին եկել նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկներ. իրանցիները հայկական գինով եւ տարեհացով նշում էին իրենց նոր տարին՝ Նովրուզը: