Նախագահական նստավայրի դիմաց հինգ օր առաջ նստացույցը վերսկսած Խուդոյաններն իրենց որդու միամյակն այսօր` մարտի 22-ին, դիմավորել են բաց երկնքի տակ։
Խուդայանները երեխայի տարեդարձը ծննդյան տորթով ու թանկարժեք նվերներով չեն նշի: Մեկամյա Մանուկ Ասատուրի առաջին ու դեռ միակ նվերները քույրերի պատրաստած բացիկներն են` ծննդյան շնորհավորանքներով:
«Մեր ֆինանսական վիճակը լավ չի, որ գոնե երեխու ծնունդը նշենք: Հասել ենք էն վիճակի, որ արդեն ժողովրդից ենք օգնություն խնդրում: Բանն արդեն հասել ա նրան, որ երեխու ծնունդն այստեղ նշեցինք: Թող մեր պաշտոնյաները ամաչեն` մարդուն ինչ աստիճանի են հասցրել: Մեր նախագահին հրավիրում ենք`թող գա ծնունդին երեխու: Մեր նախագահն ա վերջիվերջո: Թող գա տեսնի, որ իր ապագա զինվորը էստեղ ա մեծանում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մայրը` Հեղինե Խուդոյանը:
Նա նաև ասաց, որ երկուշաբթի օրվանից նստացույցը կշարունակեն ՀՀ գլխավոր դատախազության առջև, որտեղ ընտանիքի հայրը՝ Աշոտ Խուդոյանը հացադուլ կսկսի:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Աշոտ Խուդոյանն իր ընտանիքի հետ, արդեն 6-րդ անգամ նստացույց է սկսել նախագահական նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապու կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ: Որոշման դեմ նա արդեն ներկայացրել է բողոք:











