Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 22-ին, ընթացող «Դեմ եմ»-ի հանրահավաքի ժամանակ մարդ է վատացել: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ, մանկավարժ Անդրանիկ Խլղաթյանը ուշաթափվել է եւ այժմ «Շտապօգնությունը» նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերում: «Սկզբում իրեն լավ էր զգում, հետո ձեռքիցս քաշեց ուժեղ, ինձ թվաց՝ կատակ է անում, չհասկացա ,որ վատ է զգում ու վատացավ ընկավ: Բերեցինք ծառի տակ պառկեցրինք»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է Անդրանիկ Խլղաթյանի ընկերը:
Դրանից հետո «Դեմ եմ»-ի անդամները ամբիոնից հայտարարել են, որ մարդ է վատացել, «Շտապօգնությունը» մոտեցել է եւ նրան բուժօգնություն է ցուցաբերում մեքենայում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նաեւ «Շտապօգնության» բուժաշխատողի հետ, ով հայտնել է, որ այժմ Անդրանիկ Խլղաթյանին սրսկել են, եթե կլավանա, կկարողանա մնալ այնտեղ, եթե ոչ, կտեղափոխեն հիվանդանոց: Պարզվել է, որ նրա զարկերակային ճնշումը բարձրացել է:
Նշենք, որ «Ազատության» հրապարակում շարունակվում է «Դեմ եմ»-ի հանրահավաքը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքի մասնակիցները գլխարկներով, թերթերով փորձում են պաշտպանվել արեւից:











