80-ամյա Ալբերտ Ասատուրյանը «Դեմ եմ» նախաձեռնության մարտի 22-ի հանրահավաքին եկել էր 4 բանկային խնայողական գրքույկները եւ «Մեզ խաբել են» գրությամբ պաստառը լվացքի սեղմակներով հագուստին ամրացրած:

«Ի՞նչ են իմանում՝ 20 տարի հետո ինչ ա լինելու, էս պետության մեջ ո՞վ գարանտիա ունի, լավ են արել՝ հավաքվել են երիտասարդները, ես էլ օգնում եմ իրանց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Ասատուրյանը:

Թոշակառուն խորհրդային բանկերում 10 հազար ռուբլի էր պահել, որ ծերության ժամանակ օգտագործեր, սակայն խնայած գումարը հետ չեն վերադարձրել:

«Հիմա եկել եմ հանրահավաքին մասնակցելու, որ ջահելությանը չխաբեն»,-ասաց Ալբերտ Ասատուրյանը:

Նրա խոսքով՝ իրենց ժամանակ օրենք կար. «Գնում Ռուսաստան, բողոքում էինք, հիմա ու՞մ բողոքես, սաղ իրանք են»:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 22-ին, տեղի ունեցավ Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի նպատակն էր Սահմանադրական դատարանում մարտի 28-ին օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջով սկսվող վարույթին ընդառաջ եւս մեկ անգամ ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները։