Խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժերի եւ Բաղրամյան 26-ի մտավոր պոտենցիալը այնքան չէ, որ կարողանան ուղղորդել «Դեմ եմ» շարժման երիտասարդներին: Այս մասին Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսօր՝ մարտի 22-ին, NEWS.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

«Քառյակի, գումարած Բաղրամյան 26-ի մտավոր  պոտենցիալը այնքան չէ, որ կարողանան այդ երիտասարդներին ուղղորդել, նրանք շատ ավելի ցածր մակարդակի են, քան այդ երիտասարդները»,- ասաց Սեֆիլյանը։

Սեֆիլյանի կարծիքով՝ «Դեմ եմ» շարժումը քաղաքական է, թեեւ այս պահին լուծում է կոնկրետ մեկ խնդիր՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերացումը, բայց դրանով շարժումը պետք է չսահմանափակվի. «Մեր ակնկալիքը այս շարժումից, այն է, որ  օր առաջ այդպիսի որակյալ երիտասարդների ներգրավվել քաղաքականության մեջ երկրին տեր կանգնելու իմաստով»:

Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ ուշ թե շուտ «Դեմ եմ» նախաձեռնությունը իր նպատակին հասնելու է՝ այսինքն գործող ռեժիմին պարտադրելու են, որ պարտադիրից հրաժարվի:

Ազատամարտիկը նաեւ անդրադարձավ ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերի կողմից հանրահավաքին իր ելույթին դեմ արտահայտվելուն. «Այդ հարցը նրանց պիտի տաք, թե ինչի հրաշալի քառյակը չի ուզել, որ ես ելույթ ունենամ, իմ համար զարմանալի չէ, որ մեզ նման գործիչներին չեն ուզենա այս բեմում տեսնել»:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 22-ին, տեղի ունեցավ Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի նպատակն էր Սահմանադրական դատարանում մարտի 28-ին օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջով սկսվող վարույթին ընդառաջ եւս մեկ անգամ ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները։