Երեւանի Հյուսիսային պողոտայում երեկոյան զբոսանքների սիրահարները նկատած կլինեն կիթառով երիտասարդին, որը շրջապատից տարբերվում է նաեւ իր անսովոր սանրվածքով։

Արդեն մոտ երկու տարի իրանցի Ֆարյադ Ֆարահը իր ապրուտսը վաստակում է ամեն օր, ժամը 18։00-ից հետո Հյուսիսային պողոտայի անցորդների համար երգելով պարսկական, հայկական, լատինո, գնչուական, ջազ ոճի երգեր ու նվագակցելով ինքն իրեն։

Ֆարյադը, որը Հայաստանում հայտնի է որպես «Չառլի Հայաստան», ասում է, որ փողոցում նվագելն իր համար ոչ փող աշխատելու միջոց է, ոչ էլ հոբբի. «Միայն իմ սերն է երաժտության հանդեպ։ Համարում եմ, որ սա իմ բեմն է, գումարն էլ, որ տալիս են, իմ համերգի տոմսերի գումարը»։

Ֆարյադը երբեմն ակումբներում է նվագում, բայց Հյուսիսային պողոտա գնում է ամեն օր՝ ամառ թե ձմեռ։ Հայաստանում ոչ բոլորն են բարեհամբույր նրա հանդեպ, երբեմն խնդիրներ է ունենում հատկապես հայ չլինելու ու հայերեն չիմանալու պատճառով, սակայն դա նրան չի խանգարում ապագայի ծրագրերը Հայաստանի հետ կապել։

«Բոլորը սիրում են իմ երաժշտությունը, իմ կիթառ նվագելը, երբեմն ոմանք խնդիրներ են ունենում ինձ հետ ազգության և լեզվի պատճառով, բայց ես ուզում եմ ապրել այստեղ»,- ասում է նա։

Ֆարյադն արդեն հասցրել է ճանաչել հայերի երաժշտական նախասիրությունները։ Հյուսիսային պողոտայի անցորդներին այնքան էլ չէր գրավում Ֆարյադի երաժշտությունը, մինչեւ նա որոշեց հայերեն կատարել «Երևանի սիրուն աղջիկ» երգից մի հատված։ Դրանից հետո անցորդներն սկսեցին հավաքվել նրա շուրջ։ Նրանցից մեկը պահանջեց «բիս», մյուսն էլ նստեց կողքին ու սկսեց նրան ձայնակցել։