«Հարսնաքարի» գործով բոլոր մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը այսօր՝ մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։

Մինչ դատավորը կարդում էր վճիռը, ամբաստանյալների հարազատները անիծում էին նրան ամբողջ ընթացքում ու բարձրաձայն արտասվում, իսկ երբ լսեցին ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի եւ Գարիկ Մարգարյանի դատավճիռը, նրանց հարազատները սկսեցին հայհոյել, վիրավորել ու անիծել դատավորին, Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանին եւ լրագրողներին։

Դատարանի դահլիճում եւմիջանցքում այս պահին մեծ թվով ոստիկաններ կան։ Կրքերը դեռ չեն հանդարտվում։ Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանը փորձել են հարձակվել փաստաբանի վրա, ոստիկանները միջամտել են։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գարիկ Մարգարյանի մայրը վատացել է, հիմա պառկած է գետնին, տեղից հայհոյում է ու անիծում։

«Վահե Ավետյանի կինը հիմա լավ էլ կայֆավատ ա լինում, ավտո ա քշում, անկապ տեղը էդ էրեխեքին եք դատում»,- ասել է կինը։ Նրա համար շտապօգնություն են կանչել։

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողներին ասել է, որ «այսօր կայացվել է ամենաապօրինի դատավճիռը, իր պաշտպանյալը կապ չի ունեցել այդ ամենի հետ եւ պետք է ազատ արձակվեր։ Նա պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am