Համացանցում մեծ արձագանք է գտել մի մոնտաժված տեսագրություն, որում, իբր, շվեյցարացի նախարարը խոսում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Twitter-ի արգելափակման հետ կապված թեմայից։

Տեսագրությունը, որը 2010 թվականի է, թուրք օգտատերերից մեկը մոնտաժ է արել եւ տիտրերով  «թարգմանել» շվեյցարացի նախարարի ելույթը։

Իրականում նախարարը խոսում է գյուղատնտեսական մի թեմայից եւ ամբողջ ելույթի ժամանակ ծիծաղում։ Այս տեսագրությանը ավելացրել են հետեւյալ տեքստը.

Հարգելի հյուրեր, այսօրվա մեր օրակարգն է Թուրքիայում մոտեցող ՏԻՄ ընտրությունները եւ իշխող կուսակցությունը։

Այո, ճիշտ լսեցիք, վարչապետ, ով կարծում է, թե արգելափակել է սոցկայքերը։

Սակայն նա տեղյակ չէ DNS-ից։

Վարչապետը կարծում էր, թե իր գաղտնալսած հեռախոսազրույցները հրապարակող Twitter-ը փակելով՝ կարող է իրականությունը ծածկել։

Սակայն իր բոլոր նախարարները շրջանցել են արգելքը եւ Twitter-ում գրառումներ արել։

Նույնիսկ նախագահը շրջանցել է օրենքը եւ Twitter-ում գրառում արել։

Հավատում ե՞ք դրան։

Նույնիսկ նախագահը...։

Թուրքիայի քաղաքացիներին համբերություն եմ մաղթում եւ ցանկանում, որ սոցկայքերի արգելքը շուտափույթ վերացվի։