Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին համարում է, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին «սրիկա եւ հանցագործ» անվանելով ինքը ոչ թե վիրավորել է նրան, այլ ասել իրականությունը։ Այսօր՝ մարտի մարտի 24-ին, ՀՀ վարչական դատարանում Օսիպյանին վիրավորելու համար իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջի քննության ժամանակ Գասպարին հայտարարեց, որ դատարանն իր տված գնահատականները պետք է ճանաչի իրականությանը համապատասխանող, իսկ ոստիկանների՝ 2013թ. օգոստոսի 23-ի գործողությունները՝ անօրինաչափ։
«2013թ. օգոստոսի 23-ին քաղաքապետարանի առջեւ ոստիկան Օսիպյանը հերթական անգամ իր անօրինական գործողություններն էր կատարում, ես նրան անվանեցի սրիկա, հանցագործ, որից հետո նա իր ոստիկաններին ասաց, որ ինձ տանեն, բացի այդ դատարանում տեսանյութ է ցուցադրվել, որը ապացուցում է, որ Օսիպյանը սրիկա է եւ հանցագործ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին՝ նշելով, որ այդ օրը ոստիկաններն իր դեմ բռնություն են կիրառել, իրեն հրել եւ գցել են գետնին։
Դատարանը Գասպարիին լսելուց հետո հայտարարեց, որ վճիռը կկայացնի ապրիլի 11-ին։
Դատական նիստից հետո Վարդգես Գասպարին երկու րոպեանոց պիկետ անցկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ «Պահանջում եմ ՄԻՊ-ը հրապարակի այն ինֆորմացիան, որը հայտնի է իրեն, օգոստոսի 23-ին ինձ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ. պահանջում եմ ՄԻՊ-ը չթաքցնի հանցագործության մասին այն ինֆորմացիան, որին տիրապետում է ինքը» գրությամբ պաստառով։
Գասպարիի խոսքով՝ երբ ինքը զանգահարել է ՄԻՊ ու տեղեկացրել, որ ոստիկանությունը ոչնչացրել է օգոստոսի 23-ին հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվելուց հետո իր ստորագրած արձանագրությունը, ՄԻՊ աշխատակիցն իրեն ասել է, որ դա հաղորդում է հանցագործության մասին, սակայն հետագայում համապատասխան հարցումներ կատարելով ոստիկանություն, ՄԻՊ գրասենյակից իրեն գրավոր պատասխանել են, որ իրենք փաստաթղթերի ոչնչացման մասին տեղեկություն չունեն։
ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք, պատասխանել են Գասպարիի բոլոր դիմումներին, իսկ թե իրենց աշխատակիցը ասել է նման բան, թե ոչ, իրենք ոչ կարող են հաստատել, ոչ հերքել, քանի որ նա այլեւս ՄԻՊ գրասենյակում չի աշխատում։











