Նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ական ներկայացուցիչներ այսօր` մարտի 25-ին, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
«Նրա պես լավ մարդ, լավ քաղաքական գործիչ եւ հարգալից մարդ չեմ տեսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը:
ՀՀԿ-ական մյուս պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նույնիսկ գերեզմանոցում հիշում են Անդրանիկ Մարգարյանի կատակները. «Բավականին հետաքրքիր հետագիծ թողեց, որովհետեւ կարողացավ լինել բոլորի հետ, եւ յուրաքանչյուրը մտածում էր, որ ամենամոտն իր հետ է»:
Պանթեոն էին այցելել նաեւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները` կինը, երեխաներն ու թոռները: Հավաքվածները նախկին վարչապետի շիրիմին ծաղիկներ դրեցին, խունկ ծխեցրին, որից հետո մոտեցան Մարգարյանի կնոջը` տիկին Սուսաննային եւ նորից իրենց ցավակցությունը հայտնեցին:
Շիրիմին ծաղկեպսակներ կային` ուղարկված տարբեր պետական մարմիններից:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երեւանում: 1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











