«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, այսօր՝ մարտի 25-ին,  նախագահականի մոտ է գնացել բենզինով լի շշով եւ սպառնացել, որ եթե իր որդուն 12 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը չփոխվի եւ արդար որոշում չկայացվի, ինքը կինքնահրկիզվի, սակայն ոստիկանները նրա ձեռքից վերցրել են բենզինը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նունե Մարգարյանը (ֆոտոռեպորտաժ

«Հարսնաքարի» գործով 6 մեղադրյալների հարազատները նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել՝ արտահայտելու իրենց բողոքը, երեկ դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած վճռի վերաբերյալ։ Նրանք պահանջում են, որպեսզի գործից տարանջատեն անմեղներին եւ բոլորին չդատապատեն 12 տարվա ազատազարկման։

«Ուզում ենք՝ լինի արդարադատություն, թող պարոն Հարությունյանը իր կայացրած վճիռը թղթի պես ճղի ու արդար դատի բոլորին, ոչ թե բոլորին 12 տարի տա։ Ի՞նքն է այդ տղաներին այդ 12 տարվա կյանքը տվել, իրենց մայրերն են տվել, ես եմ տվել, մեծացրել։ Եթե արդար վճիռ չլինի, բենզին եմ լցնելու վրաս, ինքնահրկիզվեմ։ Ես արդար կին եմ, թող իմ որդին՝ Գարիկ Մարգարյանը պատժվի նրա համար, որ Արտակ Բայադյանին միջին ծանրության վնաս է հասցրել»,- Բաղրամյան 26-ում գոռում էր տիկին Մարգարյանը։

Մեղադրյալների հարազատները կարծում են, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը նման վճիռ է կայացրել, քանի որ վախեցել է հանրության ճնշումներից։

Դատապարտյալ Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկ Մանուկյանը, ասաց, որ ինքը ոչինչ չունի կորցնելու, ու եթե դատական ավելի բարձր ատյաները չփոխեն վճիռը, երեխաների հետ գնալու է նախագահականի դիմաց ու հրկիզելու է իրեն։

«Իմ ամուսինը մեղավոր չէ, ինքը մի ամբողջ ընտանիք ա պահել, էս դատական գործի պատճառով մեր 10-ամյա աղջիկը՝ Լիլիթը, շաքար է ձեռք բերել, երբ որ հեռուստացույցով տեսավ հորը ձեռնաշղթաներով, ասում էր՝ մամ, պապաս ուր ա, տանում են իրան ծեծեն»,- NEWS.am-ին ասաց Աստղիկ Մանուկյանը։

Նշենք, որ մարտի 24-ին  Հարսնաքարի գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը, դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am