Համացանցում հսկող տեսախցիկների արձանագրած տեսագրությունն է հայտնվել` Ուկրաինայի «Աջ հատվածի» համակարգող Սաշկա Բելիի (Ալեքսանդր Մուզիչկո) սպանության վայրից:
Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են սրճարանին մոտենում հատուկ ստորաբաժանման աշխատակիցները եւ գետին «տապալում» Բելիի նման մի մարդու: Երեւում է, որ ձերբակալվածը ընկած է գետնին եւ ֆիզիկապես ի վիճակի չէ կրակել, նշում է ԼԻԳԱ-ն:
Հիշեցնենք, Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտնել էին, որ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել էր Ուկրաինայի Ռովենի մարզում զինված խմբավորումը վերացնելու հատուկ գործողության ընթացքում:
Ուկրաինայի ՆԳՆ-ի առաջին փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովը հայտնել էր. «Դեռ մարտի 8-ին քրեական գործեր են եղել Մուզիչկոյի վերաբերյալ` խուլիգանության եւ իրավապահ մարմինների օրինական գործողություններին դիմադրելու համար: Մարտի 12-ին Մուզիչկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Գիշերը հատուկ գործողություն էր իրականացվել` «Սոկոլ»-ի մասնակցությամբ: Ռովնո գյուղի «Տրի կարաս» սրճարանի մոտ հայտնաբերել էին Մուզիչկոյին եւ որոշել բռնել: Գործողության ընթացքում ձերբակալվել էին Սաշա Բելիի խմբավորման երեք անդամ: Բելին ցանկացել էր պատուհանից փախչել եւ կրակ էր բացել «Սոկոլի» ուղղությամբ: Առաջին փամփուշտը դիպել էր «Սոկոլի» աշխատակցի սաղավարտին: Սաշկայի երկրորդ փամփուշտը դիպել էր այդ նույն աշխատակցի զինանշաններին: Դրանից հետո աշխատակիցնը նոր կրակել էր Մուզիչկոյի ոտքերին:
Մյուս աշխատակիցներն օդ էին կրակել: Մուզիչկոն շարունակել էր կրակել: Իրավապահներն այդ պահին Մուզիչկոյի հետեւում էին եղել: Երբ նրան գետին են տապալել, նա շարունակել է կրակել: Երբ փորձել են ձերբակալել, նկատել են, որ նա վիրավոր է: Ժամանած բժիշկները հաստատել են Մուզիչկոյի մահը», - հայտնել էր նա:
«Աջ հատվածից» հայտնել են, որ Բելին չէր կարող ինքն իրեն կրակել:











