Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական առաջին նիստն անցնում է գերլարված մթնոլորտում։ Ամբողջ նիստի ընթացքում դատարանի դահլիճում հավաքված ազատամարտիկները վիրավորում, երբեմն հայհոյում էին դատախազին եւ ծափահարում Վոլոդյա Ավետիսյանին, որին կալանավորվելուց հետո վեց ամսվա ընթացքում առաջին անգամ են այսօր տեսնում։ Դատավորն անըդնհատ ստիպված է լինում նկատողություն անել հավաքվածներին՝ սպառնալով, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինի բոլորին դուրս հանել եւ միայն լրագրողներին թողնել ներսում։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ինչպես ծանր հանցագործի նկատմամբ։ Նրան ամբողջ դատականի նիստի ընթացքում շրջապատում է հինգ ոստիկան։

Իր խոսքում Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, որը համարում է քաղաքական հետապնդում։

«Ես իմ պայքարը սկսել եմ դեռ մայիսից, ու էդ ժամանակից ինձ գումար ու պաշտոն էին առաջարկում, աշխատանք կամ բիզնես Երեւանում։ Սակայն ես այդ առաջարկները չեմ ընդունել, շարունակել եմ պայքարը Հայաստանի տարբեր քաղաքներում։ Իմ հեռախոսը լսել են, նույնիսկ անձնական խոսակցություններս եւ ներառել տվյալ գործի մեջ: Ձերբակալվելուց հետո քննիչը խոստացել է, որ եթե դադարեցնեմ պայքարը, ապա հաջորդ դատական նիստին ինձ ազատ կարձակեն: Այսքանը, ավելացնելու բան չունեմ, ես քննիչին ասացի.«Պարոն Խաչիկյան, ես գումարով չեմ ծախվում, հայրենիքս չեմ ծախում»:

Դահլիճում հավաքվածները ծափահարեցին Վոլոդյա Ավետիսյանին եւ սկսեցին վանկարկել՝ «Վոլոդյա, Վոլոդյա»։

Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նախ նա մի քանի պատճառ ներկայացրեց, որոնք հիմնավորում են՝ ինչու դատավոր Լեւոն Ավետիսյանը չի կարող անաչառ վարել դատը, եւ պետք է ինքնաբացարկ ներկայացնի։ Երկրորդ միջնորդությունով փաստաբանը պահանջում է ահապաղ դատարանի դահլիճից ազատ արձակել ազատամարտիկին, քանի որ նրան կալանքի տակ պահելու որեւէ  հիմնավոր պատճառ չկա։ Դատախազը կալանքը հիմնավորելու պատճառների թվում նշեց  փաստը, որ Վոլոդյա Ավետիսյանը տուժողին չի փոխատուցել 2000 դոլար վնասը։

«Ինչպես կարելի է փոխհատուցել մի բան, եթե չկա ապացուցված մեղք, եւ չկա տուժող, իսկ եթե նույնիսկ այդ տուժողը կա, ապ ո՞ւր է նա»,- հակադարձեց փաստաբան Արա Զաքարյանը՝ հիշեցնելով, որ տուժող Հ. Զաքարյանին այսքան ժամանակ ոչ ոք չի տեսել եւ չի ճանաչում։ 

Ի դեպ, այսօր դատարան ոչ տուժողն էր եկել, ոչ էլ քննիչ Խաչիկյանը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ երկու միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։

Ընդմիջման ժամանակ մթնոլորը կրկին լարվեց; Միջանցքում քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների եւ ազատամարտիկների միջեւ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am