Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում կնոջը՝ Լուսինե Դավթյանին, նախորդ տարի դանակի հարվածներով սպանած Արսեն Առաքելյանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստին այսօր՝ մարտի 26-ին հայտարարեց, որ իր մեղավորությունը մասնակի է ընդունում, քանի որ կնոջը սպանելիս եղել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում՝ հենց նրա վարքագծի պատճառով: Դատական նիստին ներկա՝ Լուսինեի հարազատները վստահաբար ասացին, որ ամուսինը ոչ միայն հոգեկան անհավասարակշիռ վիճակում չի եղել, այլեւ կանխամտածված է սպանել կնոջը:
«Ախպերը, հերը, մերը, քեռին, քեռակինը, բոլորով երեխու գլուխը կերան: Ինչու՞ արեցին: Խելոք աղջիկ էր: 15 տարի երեխային շատ սադիստական ձեւով է պահել: Չէր թողնում՝ մոտենամ իրենց տանը: Էնքան սադիստ այլանդակի մեկն էր, որ չկարողացավ իրեն զսպի: Ինքը պիտի ցմահ ստանա: Իսկ հիմա ասում ա՝ ինքը անբարոյական ա եղել, իմ աղջիկը անբարոյական չի եղել: Անբարոյականներն իրանք են եղել, որ չկարողացան 4 հոգով զսպեին իրանց լկտիին, սատանայի վիժվածքին, որ երեխուն փրկեին: Էդ փաստաբանը չի՞ ամաչում՝ եկել է, մարդասպանին մեռելների միջից ա փրկում»,- դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինեի մայրը՝Մարիետա Դավթյանը:
Նրա խնամին՝ ամբաստանյալի մայրը, ասաց, որ ամուսինները իրար հետ լավ են եղել և հենց Լուսինեի մայրն է խառնվել նրանց ընտանեկան հարաբերություններին: «Ես դատի ժամանակ իրա մոր պատկերը կպարզեմ: Լուսինեն շատ լավ էր հետս, բայց հենց իր մորը տեսնում էր մի միջոցառման ժամանակ, արհամարհական էր խոսում հետս, վիրավորում էր ինձ: Կարծես ցույց էր տալիս մորը, որ՝ տես, կեսուրիս վրա վերխ ունեմ: Բայց ես աչք էի փակում ամեն ինչի վրա: Իրանց ընտանիքում էլ ոչ մի բանի չեմ խառնվել: Իրա մերն ա ղեկավարել էդ տունը: Հիմա երեխեքն իրանց մոտ են, թույլ չեն տալիս, որ երեխեքի հետ շփվենք»,-լրագրողներին ասաց ամբաստանյալի մայրը:
Լուսինեի 16-ամյա աղջիկը՝ Սյուզին նույնպես եկել էր դատարան, սակայն հոր հարազատների հետ չցանկացավ շփվել՝ ասելով, որ ինքն այլևս հայր չունի: Լուսինեի բարեկամուհին՝ Նելլի Էրոյանը, պատմեց, որ երեխաների աչքի առաջ է հայրը սպանել մորը: Նա ասաց, որ դեպքից օրեր առաջ Լուսինեն ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո որոշել է ամուսնալուծվել, երեխաների հետ լքել է իրենց բնակվելու վայրը՝ վագոն տնակը, ու տեղափոխվել հայրական տուն:
Արսենի եղբայրը՝ Արտակը, որն այդ ժամանակ Ռուսաստանի դաշնությունում է եղել, եկել է Հայաստան: Բարեկամուհու խոսքով՝ Արսենի խնդրանքով տեգրը Լուսինեին և երեխաներին կանչել է իրենց տուն՝ ամուսիններին հաշտեցնելու։ «Կանչել տարել ա, որ հաշտեցնի, Արսենը ասել ա՝ կարա՞նք գնանք խոհանոցում վերջնական խոսենք առանձին: Գնացել են, հետո որ Լուսինեն գոռացել ա, երեխեքը վազել են, ու իրենց աչքի առաջ է ամեն ինչ եղել»,-NEWS.am-ին պատմեց Նելլի Երոյանը:
Լուսինեի մայրը՝ տիկին Մարիետան էլ ասաց, որ երեխան իրեն պատմել է, թե ինչ է եղել խոհանոցում. «Երեխեն ասում՝ ա տատի,ինչ արագություն էր վերցրել, ես տեսա դիակը, այ սենց ամբողջ մարմինը կտրտած էր»:
Լուսինեի տեգրոջ խոսքով ինքը եկել է Հայատան հենց Լուսինեի մոր խնդրանքով. «Ասել են՝ արի խելառ ախպորդ տեր կանգնի»:
Նրա ասածը հերքեց տիկին Մարիետան. «Ես սկայպով ասեցի՝ ոտքդ Հայաստանում չլինի: Ինքն ում շունն ա, որ գա համերաշխություն անի»:
Տիկին Մարիետան նաև պատմեց, որ փեսան տունը պահել է՝ աղբանոցներից երկաթ հավաքելով ու գումարի դիմաց այն հանձնելով, իսկ ինքն օգնել է նրանց՝ ինչով կարողացել է:
Հիշեցնենք, որ 37-ամյա Արսեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, իր եղբայր Արտակ Առաքելյանի Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ 36-ամյա Լուսինե Դավթյանին սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը` ժամը 23:00-ին մահացել է:
Արսեն Առաքելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:











