Քանաքեռ եւ Արաբկիր շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մարտի 26-ին, դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի՝ Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ։

Դատարանը նաեւ մերժեց նաեւ ամբաստանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ կալանքն այլ միջոցով փոխարինելու եւ ընդդատության միջնորդությունը: Նշենք, որ վերջինը վերաբերում է նրան, որ կոնկրետ գործը պետք է քննվի հանցագործության կատարման վայրի դատարանում, այսինքն՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում։

Մինչ դատավորի խորհրդակցական սենյակից վերադառնալը Վոլոդյա Ավետիսյանը դիմեց դահլիճում գտնվող իր մարտական ընկերներին՝ ասելով. «Դուխներդ տեղը պահեք: Հայերը պիտի պայքարեն: 2000 տարի արդեն պայքարում ենք, այդ պայքարը պետք է ավելանա, այլ ոչ թե վերջանա»:

Միջնորդությունները մերժելու որոշումը կարդալուց հետո դատավորը Վոլոդյա Ավետիսյանին առաջարկեց ներկայացնել իր ինքնակենսագրությունը, որից գնդապետը հրաժարվեց՝ ասելով, որ գործի նյութերում այն առկա է։

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ բացարկի միջնորդություն ունի մեղադրող Պապիկյանի դեմ:

«Մեղադրողն այս նիստի ընթացքում հայտարարություններ արեց, որոնց հիման վրա ես պետք է կազմեմ միջնորդություն, ուստի խնդրում եմ ինձ տրամադրել նիստի արձանագրության կրիչը»,- ասաց Զաքարյանը՝ խնդրելով հետաձգել նիստը բացարկի միջնորդությունը պատրաստելու համար:

Պաշտպանի միջնորդությունը  դատարանը բավարարեց: Դատական նիստը հետաձգվեց:

Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճից դուրս գալիս բարձրացրեց բռունցքը՝ ասելով «պինդ մնացեք, դուխներդ տեղը»:

Հիշեցնենք, որ նա այսօր կալանավորվելուց հետո սա Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստն էր, եւ մարտական ընկերներն ու հարազատներն առաջին անգամ հնարավորություն ունեցան նրան տեսնելու։ Նիստի սկզբին ազատամարտիկը հայտարարեց, որ ինքն անմեղ է, եւ այն, ինչ կատարվում է, իր հանդեպ քաղաքական հետապնդում է իր հասարակական գործունեության համար։ Նա նաեւ հայտարարեց, որ իրեն իշխանությունները փորձել են կաշառել՝ այդ գործունեությունից հրաժարվելու համար՝ խոստանալով այդ դեպքում դադարեցնել քրեական հետապնդումը։ Հիշեցնենք, որ մինչեւ ձերբակալվելը Վոլոդյա Ավետիսյանը գլխավորում էր իրենց սոցիալական վիճակի բարելավման համար ազատամարտիկների պայքարը։

Պաշտպանի կարծիքով՝ եթե դատարանը բավարարեր ընդդատության հարցով միջնորդությունը, ապա պարտավոր էր լինելու գործն ուղարկել ընդդատության, իսկ դա նշանակելու էր, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու դատական ակտ այլեւս գոյություն չունի, եւ պարտավոր էին լինելու նրան դատարանի դահլիճից ազատ արձակել:

«Այս կամայական որոշումը վկայում է այն մասին, որ իշխանություններն ամենեւին էլ չեն ցանկանում Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատել, եւ, հակառակը, անում են ամեն ինչ, որպեսզի նա մնա կալանքի տակ»,- լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո ասաց փաստաբան Արա Զաքարյանը:

Վրդովված ազատամարտիկները դատական նիստի ամբողջ ընթացքում վիրավորում ու ամոթանք էին տալիս մեղադրողին։ Երբ Վոլոդյան Ավետիսյանին մեքենայով դատարանի բակից դուրս բերեսին, ազատամարտիկները նրան ճանապարհեցին «Վոլոդյա» վանկարկելով ու ծափողջյուններով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։