Երեւանի բնակիչ, 67-ամյա Նիկոլայ Աղաբեկյանը բողոքում է, որ պետությունը չի փոխհատուցում իր ու իր մայրիկի խորհրդային ավանդները, և համոզված է, որ տարիներ հետո նույն կերպ փոշիացվելու են նաեւ այսօր երիտասարդներից պահած կենսաթոշակային 5% պարտադիր վճարները: Երկու անչափահաս զավակների հայրն իր բողոքը լսելի դարձնելու համար մարտի 7-ին պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող «Դեմ եմ » նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ֆինանսների նախարության մոտ ինքնահրկիզման փորձ էր արել:
«Ավանդները պիտի տային, բայց չեն տալիս: Մաման սպասել- սպասել ա, մահացել ա: Մի քանի անգամ գնացել եմ ֆինանսների նախարարություն, դիմում եմ գրել, ասում են՝ մինչև 1929թ. ծնվածներինն են տալիս: Ես էլ 18 տարի դեռ պիտի սպասեմ, որ լինեմ 85-90 տարեկան, նոր իբր տան: Հիմա ասում եմ՝ մորս ավանդի 50%-ը տվեք, ո՞վ պիտի գա, ստանա, ասում են՝ չգիտենք: Վազգեն Խաչիկյան 2-րդը, 3-րդը, 4-րդը պիտի գա ստանա, չէ՞:Ասել եմ՝ էդ փողերը կոկորդումը մնա, ով որ էդ զակոնը ստեղծել ա, ու ոչ վայելի էդ փողերը: Չեմ ուզում մամայիս փողերի պես իմ փողերն էլ մեկը ուտի, չեմ ուզում ինձնից 100 դրամ մնա իրանց»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Աղաբեկյանը:
Նրա խոսքով՝ կենսաթոշակային 5% պահումները ունենալու են չփոխհատուցված ավանդների ճակատագիրը, դրա համար էլ պայքարում է կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ. «Չգիտես՝ վաղը ինչ կլինի, ուր մնաց 40-45 տարի հետո: Ոնց կարան՝ 45 տարի հետո տան էդ փողերը, ավանդներից 22 տարի է անցել, չեն տալիս: Սկի մեր ղեկավարներն էլ չեն հավատում: Դրա համար էլ ես դեմ եմ, գնում եմ միտինգներին»,-նշեց Նիկոլայ Աղաբեկյանը:
Նիկոլայի ընտանիքի համար ավանդների փոխհատուցումը մեծ օգնություն կլիներ, քանի որ միայն նպաստով և թոշակով են ապրում:
«Երկու անչափահաս տղա ունեմ՝ 10 ու 15 տարեկան, ես չեմ աշխատում, կինս չի աշխատում:Փարոսով ու թոշակով ենք ապրում: Լույսի, գազի փողը չենք հասցնում: Ուր գնում եմ, տարիքիս համար աշխատանքի չեն ընդունում»,-բողոքեց Նիկոլայ Աղաբեկյանը:
Ընտանիքի հոր ամենամեծ մտահոգությունն իր երեխաների ապագան է, որի համար էլ այժմ պայքարում է: Հույս ունի, որ չնայած իրենց ապրելու պայմաններին, իր՝ գերազանց առաջադիմությամբ սովորող երեխաները կիրականացնեն իրենց նպատակները եւ դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն կստանան:











